ՀԲ-ն լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանի ոռոգման համակարգի զարգացման համար
«Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման համար Հայաստանի և Համաշխարհային բանկի ստորագրած 2 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի շնորհիվ՝ ջրային ծառայության մատուցման բարելավումից ուղղակիորեն կշահեն Հայաստանի 630-ից ավելի ֆերմերներ:
Ֆինանսավորումը նպատակաուղղված է ծախսարդյունավետ և կայուն ոռոգման ապահովման իր ջանքերում կառավարությանը հետագա աջակցության ցուցաբերմանը՝ էներգիայի օգտագործման կրճատմամբ և ջրամատակարարման ժամանակի բարելավմամբ:
ՀԲ երևանյան գրասենյակից հայտնում են, որ լրացուցիչ ներդրումները կներառեն ներտնտեսային համակարգի կառուցումը՝ Բաղրամյան-Նորակերտի նախատեսված ինքնահոս համակարգի համալրման համար, քանի որ գործող ներտնտեսային համակարգն ի վիճակի չէ հուսալիորեն ոռոգման ջուրն ուղղակիորեն հասցնել գյուղացիների հողատարածքներ: Ի սկզբանե, ֆինանսավորումը տրամադրվել էր միայն ինքնահոս կառույցի, ինչպես նաև մայր և միջտնտեսային ջրանցքների համար: Այսպիսով՝ ներտնտեսային համակարգի վերականգնումը կապահովի սկզբնական ներդրումների օգուտների լիարժեք իրացումը:
«Այս ներդրումը հիմնվում է ընթացիկ ծրագրով մինչ այժմ ձեռքբերված արդյունքների վրա: Բանկի միջամտությամբ կնվազի ջրի պակասի խնդիրը, որին բախվում են ֆերմերները, կբարձրանա ջրամատակարարման հուսալիությունը և ժամանակին ապահովումը՝ իր հերթին տալով արտադրողականությունը բարձրացնելու հնարավորություն: Բացի այդ, վերակառուցված ներտնտեսային համակարգը կնախագծվի՝ ֆերմերներին ընձեռելով ներտնտեսային տեխնոլոգիաների նոր, օրինակ՝ կաթիլային ոռոգման ընտրություն»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենը Սիլվի Բոսութղոն:
Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս համակարգն ընդգրկում է մոտավորապես 5 կմ երկարությամբ սնուցող ջրանցքի շինարարություն, որը ջուրն ստանալու է Տկահան ջրանցքից (սկզբնաղբյուրը Սևանա լիճն է), և որը վերակառուցված ինքնահոս համակարգով ջուրը կհասցնի շուրջ 573 հա գյուղատնտեսական հողատարածքների՝ 635 ֆերմերների օգնելով իրենց խաղողի և պտղատու այգիների մշակման հարցում: Ջրանցքի շինարարությունից հետո երեք պոմպակայանները (Նորակերտ 1-2 և Բաղրամյան 1), որոնք սպառել են իրենց ծառայության ժամկետը, այլևս անհրաժեշտ չեն լինի:
Ծրագրի մյուս ձեռքբերումը Մեղրիի ինքնահոս համակարգի երեք լոտերի շինարարության ավարտն է: Գեղարդալճի ինքնահոս համակարգի շինարարությունը, ինչպես նաև Քաղցրաշենի ինքնահոս համակարգի երկու լոտերի աշխատանքներն իրականացման ընթացքում են: Ընդ որում այդ երկուսն էլ փոփոխվեցին՝ Գողթ և Գառնի համայնքների բնակիչների մտահոգությունները փարատելու համար: Ակնկալվող վերջնարդյունքներից է տարեկան շուրջ 36.4 միլիոն կիլովատ ժամ (կՎժ) էլեկտրաէներգայի տնտեսումը, որը համարժեք է Հայաստանի ոռոգման ընդհանուր կարիքների շուրջ 30 տոկոսին: Ավարտվել է նաև ընտրված հեռացնող ջրանցքների վերականգնումը՝ ջրի կորուստը տարեկան շուրջ 23 միլիոն խորանարդ մետրով կրճատելու միջոցով՝ հանգեցնելով ջրթող ջրանցքների ջրի տեղափոխման արդյունավետության բարձրացման:
«Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորումը՝ 2 միլիոն ԱՄՆ դոլար գումարով, փոփոխական սփրեդով ՎԶՄԲ (Վերակառուցման զարգացման միջազգային բանկ) վարկ է, որն ունի 14.5 տարվա արտոնյալ և 25 տարվա մարման ժամկետ:
1992 թ. Համաշխարհային բանկին և 1993 թ. ՄԶԸ-ին (Միջազգային զարգացման ընկերակցություն) անդամակցելուց ի վեր՝ Հայաստանի նկատմամբ ՄԶԸ և ՎԶՄԲ ընդհանուր հանձնառություններն կազմել են 2.3 միլիարդ ԱՄՆ դոլար: