Գյումրիում առաջին անգամ կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» հայ-թեք համաժողով
Գյումրիում առաջին անգամ կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկօրյա հայ-թեք համաժողովը: Այն կազմակերպվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:
Համաժողովի նպատակն է` բացահայտել կրթությունից բիզնես հնարավորությունները և մարտահրավերները, քննարկել և բացահայտել ՀՀ կառավարության դերը մարզերում՝ բիզնես միջավայրի ստեղծման գործընթացում, նպաստել մարզերում բիզնես միջավայրի զարգացմանը, ցույց տալ Շիրակի մարզի հաջողված փորձը բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և հարակից ոլորտների՝ կրթության, բիզնեսի զարգացման ու ենթակառուցվածքային խթանիչ միջավայրի ձևավորման գործընթացներում:
«Համաժողովը նպատակ ունի քննարկել՝ արդյոք տեխնոլոգիաները կարո՞ղ են հնարավորություն ընձեռել զարգացնելու մարզերը: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հաջողությունը ցույց է տալիս, որ դա երազանք չէ, այլ իրականություն է, և մարզերում հնարավոր է զարգացնել բարձր տեխնոլոգիաները»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Ըստ նրա՝ համաժողովը նաև հնարավորություն կտա և Կառավարությանը, և մասնավոր հատվածին, և դոնոր կազմակերպություններին քննարկել Հայաստանի մարզերի մրցունակության բարձրացման խնդիրները:
Բագրատ Ենգիբարյանը հայտնեց, որ համաժողովին կմասնակցեն բոլոր մարզերից ավելի քան 140 երիտասարդներ, որոնք կներկայացնեն իրենց խնդիրներն ու մարզերում զարգացման ուղղությունները, կծանոթանան Գյումրիում տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ արձանագրված հաջողության պատմություններին, կմասնակցեն տեղական ու միջազգային փորձագետների մասնակցությամբ անցկացվող աշխատաժողովներին:
Համաժողովը, ըստ նրա, մեծ խթան կհանդիսանա երիտասարդների համար՝ մուտք գործել տեխնոլոգիական ոլորտ, դառնալ հաջողակ ձեռներեցներ, նպաստել աշխատատեղերի ստեղծմանն ու մարզերում կենսամակարդակի բարձրացմանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բորիս Դեմիրխանյանը կարևորելով համաժողովի անցկացումը՝ նշեց, որ ինչպես կայուն երկիր հնարավոր չէ կառուցվել առանց միջին խավի, այնպես էլ՝ առանց մարզերի համաչափ զարգացման: «Կարծում ենք, որ տեխնոլոգիաների ներգրավվածությունը հնարավորություն կտա ավելի կարճ ճանապարհով և ավելի փոքր ֆինանսական ներդրումների շնորհիվ մարզերում ստանալ լուրջ արդյունքներ»,- ասաց փոխնախարարը:
Նշենք, որ համաժողովը կմեկնարկի պանելային 3 քննարկումներով՝ «Բիզնես միջավայրի աջակցություն», «Բիզնես մտածելակերպի խթանումը մարզերում», «Առաջընթացը կրթության ոլորտում` ՀՀ զարգացման գրավական»:
Համաժողովի 2-րդ օրը՝ նոյեմբերի 18-ին, միջազգային և տեղական փորձագետների կողմից կանցկացվեն վորքշոփեր: