Արևելյան գործընկերություն գագաթաժողովին ընդառաջ, եվրոպացի օրենսդիրները Ալիևին նախազգուշացնում են
Եվրոպական Խորհրդարանի մի շարք անդամներ նամակ են ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում դատապարտում են Ադրբեջանի լրագրող Աֆղան Մուխթարլիի ձերբակալությունը։ Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռ/կ-ի եվրոպական ծառայությունը։
Նամակի տակ ստորագրել են 47 օրենսդիրներ, որում պահանջում են անհապաղ ազատ արձակել վերջինիս։
Նման նամակը վերջիններս ուղարկում են նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերություն 5-րդ գագաթաժողովից մեկ շաբաթ առաջ, որտեղ ակնկալվում է, որ Ադրբեջանի նախագահը կհանդիպի ԵՄ առաջնորդների հետ։
«Մենք ցավով ենք տեղեկանում Մուխթարլիի հանդեպ կիրառվող դաժան սահմանափակումների մասին՝ թույլ չի տրվում հանդիպել իր հարազատների հետ և հեռախոսազանգեր կատարել։ Բանտում անցկացված առաջ ամիսներին, նրան թույլ չեն տվել իր ընտանիքին զանգել, միայն երեք ամիս հետո նրան թույլատրել են իր եղբորը տեսնել»,-նշված է նամակում։
Նամակում նաև մտահոգություն է հայտնվում այն բանի կապակցությամբ, որ Մուխթարլիի փաստաբանները ստիպված են եղել դիմակայել ֆիզիկական բռնությանը և այն փաստին, որ իրենց պաշտպանական նյութերից որոշները ժամանակավորապես առգրավվել և կարդացվել են քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից։
Նամակում նաև նշվում է, որ Աֆղան Մուխթարլին և այլ քաղբանտարկյալներ պետք է անհապաղ ազատ արձակվեն, որը ցույց կտա, որ Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովից առաջ և դրանից հետո Ադրբեջանի իշխանությունները Եվրամիության հետ հետագա համագործակցության և գործընկերության համար իրականացնում են իրենց առջև ստանձնած պարտավորությունները։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 29-ին Թբիլիսիում առևանգված, ապա Բաքվի բանտում հայտնված հետաքննող լրագրողը գտնվում է նախնական կալանքի տակ. նա մեղադրվում է մի շարք ծանր հանցագործություններում` մաքսանենգության, օրինազանցության ու իրավապահներին դիմադրություն ցույց տալու մեջ։ Լրագրողը հերքում է այդ մեղադրանքները։
Մուխթարլիի գործընկերներն ու ընտանիքը պնդում են, որ նա ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով, իր լրագրողական հետաքննությունների համար, որոնք բացահայտել են ադրբեջանական իշխող վերնախավի բիզնեսներն ու մարդու իրավունքների խախտումների մասին փաստերը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան