Իսրայելը հետաքննություն է սկսել ԼՂ սահմանները ռմբակոծելու մեջ կասկածվող ԱԹՍ արտադրողի նկատմամբ
Իսրայելի ոստիկանությունը նախօրեին հայտարարել է, որ քրեական հետաքննություն է սկսել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերության նկատմամբ, որը մեղադրվում է Ադրբեջանի պահանջով իր դրոններն այս տարվա սկզբին հայկական զինված ուժերի վրա փորձարկելու մեջ:
The Times of Israel-ը հաղորդել է, ոստիկանությունը հաստատել է, որ Իսրայելի «Aeronautics Defense System Ltd.»-ն է քրեական հետաքննության թիրախը: Իսրայելի դատարանը երկուշաբթի օրը «լռության կարգադրություն է» (gag order) ընդունել, որը սահմանափակում է գործի վերաբերյալ տեղեկատվության հոսքը, որոնց մեջ ընդգրկվել է նաև այն, որ չի բացահայտվելու, թե ով է «ուշագրավ գնորդը»:
Aeronautics-ն էլ իր հերթին տարածած հայտարարության մեջ նշել է, որ լիովին համագործակցելու է փորձաքննության հետ ու անելու է իր կարողություններից ամեն ինչ, որպեսզի հետաքննությունն իրականացվի հնարավորինս հստակ:
Դատարանի որոշումը ցույց է տալիս, որ ընկերությունը հետաքննության տակ է գտնվում սեպտեմբերի 4-ից՝ շաբաթներ անց, երբ մեղադրանքներ հնչեցին, որ ընկերությունն իր անօդաչուները փորձարկել է Հայաստանի դեմ:
Aeronautics-ը նաև նշել է, որ պատրաստվում էր առաջիկա 2 տարիներին «ուշագրավ գնորդի» հետ իրականացնել 20մլն դոլարի գործարք: Ընկերությունը հայտնել է, որ պաշտպանության նախարարության որոշումն ազդել է իրենց անօդաչու սարքերի վաճառքին վրա միայն «ուշագրավ գնորդի» հետ կապված, այլ ոչ բոլոր օտարերկրյա գնորդների:
Որպես կանոն, Իսրայելը չի հայտնում իր գնորդների անունները, սակայն, ինչպես գրում է The Times of Israel-ը, հաղորդագրությունից կարելի է հասկանալ, որ այդ երկիրն Ադրբեջանն է:
Վաճառքի դադարեցման որոշումը կայացվել է 2 շաբաթ անց, երբ նախարարություն բողոք է ներկայացվել, որ ընկերությունը, ազերիների պահանջով, Orbiter 1K տեսակի անօդաչու թռչող սարքը բաց է թողել Հայաստանի զինված ուժերի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի շրջանում: Հայկական բանակի գնդապետ Արմեն Գյոզալյանը ասել էր, որ հուլիսի 7-ի հարձակումից 2 զինվոր թեթև վնասվածքներ էին ստացել:
Հաղորդվում է, որ բողոքի պատճենն առաջինը արտահոսք էր արվել Maariv ամսագրին: Ըստ տեղեկությունների, ընկերությունը թիմ է ուղարկել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու՝ ցուցադրելու ԱԹՍ-ները, որը կարող է կրել 1-2կգ պայթուցիկ և ուղարկվել է «թշնամու» թիրախ՝ «ինքնասպանի» առաքելությամբ:
Համաձայն բողոքի, Ադրբեջանի զինված ուժերին Orbiter 1K-ի ցուցադրման ժամանակ ընկերությանը խնդրել են հայկական զինված ուժերի դիրքերի նկատմամբ իրականացնել փորձարկումը: Նման փորձարկումն Իսրայելի օրենքի համաձայն արգելվում է. իրական թիրախի նկատմամբ փորձարկման համար պահանջվում է բացառիկ տրվող թույլտվություն: Այս դեպքում Aeronautics-ը դժվար թե ստանար այդ թույլտվությունը, քանի որ Իսրայելը Հայաստանին չի դիտում որպես թշնամի պետություն:
Maariv-ը հայտնել էր, որ Orbiter 1K կառավարող 2 իսրայելցի զինվորները հրաժարվել էին հարձակում իրականացնել՝ չնայած իրենց ղեկավարների սպառնալիքներին:
Այնուհետ Բաքվում գտնվող Aeronautics Defense Systems-ի երկու բարձրաստիճան անդամներ փորձել էին իրականացնել Ադրբեջանի խնդրանքը, սակայն անհրաժեշտ փորձի բացակայության պատճառով չեն կարողացել ուղիղ հարվածել թիրախներին:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հարցը հետաքննվում է, բացառել հետագայում այն քննարկելը:
Հաղորդվում է, որ 2016թ.-ին իսրայելական Harop մոդելի անօդաչու սարքով Ադրբեջանը հարձակում էր իրականացրել ավտոբուսի վրա՝ սպանելով 7 հայ:
Ինչպես գրում է The Times of Israel-ը, Իսրայելը հայտնվել էր արտաքին քննադատության թիրախում՝ Ադրբեջանի հետ համագործակցելու համար՝ այնտեղ մարդու իրավունքների խախտումների պատճառով: Նշվում է, որ Ադրբեջանը մահմեդական այն քիչ երկրներից մեկն է, որի հետ Իսրայելը բաց դրական հարաբերություններ ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան