«Ձեր դուխը չի՞ հերիքում մտնել այնտեղ, որտեղ կան արտոնյալներ». Զոհրաբյանը՝ ֆինանսների նախարարին
«Այն ինչ-որ դուք անում եք փոքր և միջին ձեռներեցության հանդեպ, արդյոք դա ադեկվատ հարկային վարչարարություն է, չե՞ք կարծում, որ դա դուք պետք է սկսեք այնտեղից, որտեղ իսկապես կան լրջագույն օրինախախտումներ»,- այսօր խորհրդարանում 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին։
Պատգամավորը շարունակեց. «Տեղերը նշեցինք՝ 20 հազար ապրանքատեսակ ներկրում է 7 անձ, հարկ եղած դեպքում կհրապարակենք անունները։ Ինչո՞ւ է ձեր ադեկվատությունը բռնել ՓՄՁ-ների վրա, որոնք ընդամենը օրվա հաց են վաստակում, ձեր դուխը չի՞ հերիքում մտնել այնտեղ, որտեղ կան արտոնյալներ»։
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց. «Սիրելի տիկին Զոհրաբյան, դուխներս հերիքում է, և մի քանի անգամ հայտարարել ենք, որ խաղի կանոնները բոլորի համար պետք է լինեն նույնատիպ, հակառակ դեպքում մենք շատ լավ գիտակցում ենք, որ եթե չլինեն հավասար պայմաններ, չեն կարող հավակնել տնտեսական բարձր ցուցանիշների, ներդրումների արտոնյալ միջավայր չեն ունենա: Մի բան էլ պետք է հաշվի առնել, անկախ նրանից՝ տնտեսվարող սուբյեկտը մե՞ծ է, թե փոքր, հարկային պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ կերպով։ Ընդ որում՝ քիչ չեն դեպքերը, որ փոքր և միջին բիզնեսի շղարշի տակ խոշորները փորձում են իրենց ոչ ֆորմալ շրջանառությունները մաքրել: Սրան պետք է փորձենք լուծում տալ, փաստաթղթավորումը մեր համար կարևոր խնդիր է, և մենք մեր առջև դրել ենք մեծ խնդիր՝ դա իրականացնելու»,-ասաց նա:
Արամյանի խոսքով՝ պետք է ճիշտ հաշվեկշիռը գտնել, «Կիսում եմ ձեր տեսակետը, որ հարկման ծանրությունը պետք է լինի խոշորների վրա, և մենք հենց դա էլ անում ենք: 2017-ի հավաքագրումները, որ գերակատարելու ենք բյուջեի նախատեսվածից, հիմնականում խոշորներից ենք բերում, թվերն են ցույց տալիս»։
Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Բա այս մարդիկ հազարներով գալիս են ինչի՞ համար, որ ԱԺ-ի ֆոնին նկարվեն ու գնա՞ն, գալիս են իրենց դժգոհությունը հայտնելու։ Լրջագույն խնդիր կա, լսեք այդ մարդկանց ձայնը»։
Վարդան Արամյանը պատասխանեց. «Սիրով ականջալուր կլինենք և կմտածեն, թե որտեղ է պրոբլեմը»:
Հարակից հրապարակումներ`
- «Թոշակը, աշխատավարձը չի ավելանում, բայց պետաշխատողների պարգևավճարներն ավելանում են». Փաշինյանը՝ Արամյանին
- Բյուջե եք ուզում լցնել, տեղը ցույց ենք տալիս. Նարիա Զոհրաբյան