6-րդ դասարանի աշակերտի պայուսակը կշռում է այնքան, որքան АКС 74 ինքնաձիգը. Արման Սաղաթելյան
«Վերջին ժամանակահատվածում մի հետազոտություն եմ արել, որի արդյունքներն ուզում են նաև ձեզ ներկայացնել»,- այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով աշակերտների դպրոցական պայուսակեների քաշին՝ ասաց ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանը։
«Իմ և իմ ընկերների երեխաների դպրոցական պայուսակների քաշն եմ կշռել, տարբեր տարիքի 15-20 երեխաների պայուսակներ, միջինացված 6-րդ դասարանի 12 տարեկան երեխայի դպրոցական պայուսակը կշռել է 5 կգ 200 գրամ՝ առանց հավելյալ պարագաների։ Որպեսզի պատկերավոր լինի, թե դա ինչ քաշ է այդ տարիքի երեխայի համար, ասեմ՝ նույնքան կշռում է օրինակ АКС 74 ինքնաձիգը՝ վրան հագցված փամփշտակալով, վրան էլ ամրացված նռնականետը, նռնակն էլ մեջը։ Ուսումնասիրել եմ շուկայում առկա բոլոր ուսապարկերը, ոչ մեկը նախատեսված չէ բեռը ուսերից դեպի կոնքամաս։ Բարձր գնային սեգմենտում նման ուսապարկեր կան, ցածրում՝ չէ»,- նշեց պատգամավորը։
Նաև ևս մեկ հարց հնչեցրեց, կապված դասագրքերի էլեկտրոնացման հետ. «Ե՞րբ են այդ դասագրքերը տեղափոխվելու մեկ պլանշետի մեջ, որպեսզի կարողանանք ուսումնական պրոցեսն ավելի ադեկվատ կազմակերպենք»։
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ այս հարցը քննրակվում է ողջ աշխարհում։
«Եթե մենք մեր մանկությունը հիշենք, երեևի այդ նույն 5 կգ-ն բոլոր ժամանակներում վերականգնվում է։ Էլեկտրոնային կրթության անցման հիմնահարցը ծախսատար է, որը բյուջեի վրա լուրջ ծանրություն պետք է լինի։ Մենք հիմա բանակցում ենք մասնավոր ներդրողների հետ, փորձելու ենք առաջիկայում այնպես անել, որ այն պահից, երբ դպրոցում սկսվում է առարկայական ճյուղավորումը, կարողանանք պլանշետային համակարգը ներդնել։ Ունենք արդեն նախնական խոսակցություն «Սամսունգ» ընկերության հետ, որը կհամաձայնվի ավելի էժան ձևով տալ, բայց այդտեղ պետք է ներդրող, դեռ բանակցում ենք»,- պատասխանեց նախարարը։
Նրա խոսքով՝ այն երկրները, որոնք փորձել են ամբողջությամբ անցնել էլեկտրոնային տարբերակի, օրինակ Ֆրանսիան, գտնում են, որ ճիշտ չէ 1-4-րդ դասարաններում ամբողջությամբ էլեկտրոնայինի անցնելը, այդ տարիքում երեխայի ձեռքին դասագիրք ու տետր լինելն օգտակար է։
«Ավելի հարուստ հասարակություններում տանը թողնում են դասագրքերը, քանի որ դպրոցն ունի նույն դասագրքերը, բայց քանի որ ունենք այն ինչ ունենք, դեռևս չենք կարող այդ բեռը դնել ծնողների վրա»,- ասաց նախարարը։
Պատգամավորն արձագանքում մտահոգություն հայտնեց նաև բնագիտական առարկաների լաբորատորիաների չհագեցվածության մասին. «Այսօրվա վիրտուալ լաբորատորիաները հիանալի ծրագրեր են ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի և այլն: Հեռանկարում տնտեսական ներդրումները այդ ոլորտում ավելի արդարացված են, քան անընդհատ գիրք տպելը, գույք վերանորոգելը և այլն»։
Լևոն Մկրտչյանը համաձայնեց, սակայն նշեց, որ այստեղ երկու հարց կա. «Ավանդական գիրքը, տետրն ու լաբորատորիաների գոյությունը անհրաժեշտություն են: Պետք է այստեղ ոսկե միջինը գտնել։ Մեր երեխաները եվրոպացի երեխաների նույն տարիքային խմբի հետ համեմատ ծանրաբեռնված են. եթե նրանք շաբաթական ունեն մոտավորապես ասենք՝ 15-16 առարկայի ծանրաբեռնվածություն, ապա մեր ծանրաբեռնվածության ծավալը հասնում է մինչև 20: Դպրոցի ծրագրային բեռնաթափումը հիմնական խնդիրներից է և առաջիկայում այդ բեռնաթափումը պետք է լինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին