Ուսանողները դադարեցնում են հացադուլն ու դասադուլը
Տարկետման իրավունքի չեղարկման դեմ պայքարող ուսանողները դադարեցնում են հացադուլը և դասադուլը: Այս մասին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում տեղի ունեցած քննարկումից հետո հայտարարեց հացադուլ հայտարարած ուսանողներից Դավիթ Պետրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ խնդրահարույց թեմայի շուրջ կլոր սեղան կազմակերպելու իրենց առաջարկն ընդունվել է: Այն տեղի կունենա նոյեմբերի 22-ին:
«Կլոր սեղան գումարելու նպատակը կայանում է նրանում, որ մենք կարողանանք լսելի դարձնել մտահոգություն ունեցող բոլոր կողմերի ձայնը: Ընդհանուր քննարկման արդյունքում կփորձենք տարկետման ինստիտուտը սահմանափակող այս օրենսգծում կատարել փոփոխություններ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց՝ եթե մենք կարողանանք ապացուցել, որ օրենքը սխալ է, կկարողանանք դրա վրա ազդեցություն ունենալ: Պաշտոնապես ասվեց, որ դասադուլ իրականացրած ուսանողների նկատմամբ ճնշումներ չեն իրականացվելու: Կարծում ենք, որ կլոր սեղանն այս պարագայում լավագույն տարբերակն է, քանի որ մեր նպատակը փոփոխություններ իրականացնելն է օրենքում»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:
Պայքարին մասնակից ուսանողը նշեց, որ փորձելու են կլոր սեղանի ձևաչափում ներգրավել գիտնականներին և քաղհասարակության ներկայացուցիչներին: «Սա հնարավորություն է, թե ինչպես կօգտագործենք այն, կախված է մեզնից»,- ասաց նա:
Դավիթ Պետրոսյանը միաժամանակ շեշտեց, որ չի կարող ասել՝ ինչ գործողությունների կդիմեն առաջիկա կլոր սեղանի քննարկումներից հետո: Ամեն ինչ, ըստ ուսանողի, կախված կլինի քննարկումների ընթացքից և արդյունքից:
«Մեզ ոչ ոք ոչինչ չի համոզել»,- շեշտեց նա:
ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն իր հերթին տեղեկացրեց, որ կլոր սեղանի ձևաչափով քննարկմանը ներկա են լինելու բոլոր շահագրգիռ կողմերը: Քննարումները լինելու են հրապարակային:
«Մենք մտնում ենք կառուցողական փուլ, և խնդրել ենք դադարեցնել հացադուլն ու դասադուլը: Ամսի 22-ի քննարկումները լինելու են գլոբալ քննարկումներ: Կքննարկենք, կերևա»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին