Բուն կարգավորման տեսանկյունից դժվար թե ինչ-որ բան փոխվի. Դավիթ Բաբայան
Պաշտոնական Ստեփանակերտը կարևորում է համանախագահող երկրների արտգործնախարարների՝ այս դեպքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջանային կայանալիք այցը և ակնկալում, որ այն դրական ազդեցություն է թողնելու։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Խոսել Արցախյան հակամարտության բուն կարգավորման մասին՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի կոշտ, հայատյաց քաղաքականությունը՝ շատ վաղաժամ է։ Հակամարտության կարգավորումը պետք է դիտարկել երկու հարթությունում՝ մեկը բուն կարգավորում, մյուսը՝ խաղաղության և կայունության պահպանում։ Բուն կարգավորման տեսանկյունից դժվար թե ինչ-որ բան փոխվի»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։
Դավիթ Բաբայանը հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծր, ազգայնամոլական ելույթները, որոնք լուրջ բեկման ակնկալիք գրեթե չեն թողնում։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեյարովի դեկտեմբերին սպասվելիք հանդիպմանը՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ նմանօրինակ հանդիպումները նպաստում են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։
«Տարածաշրջանում խաղության պահպանումը շատ կարևոր է՝ հատկապես հաշվի առնելով, որ աշխարհում բավականին լարված իրավիճակ է։ Մենք տեսնում ենք, թե տարբեր տարածաշրջաններում ինչպիսի պայքար է ընթանում, պայթյունավտանգ զարգացումներ են տեղի ունենում Մերձավոր Արևելքում, Հարավարևելյան Ասիայում։ Եվս մեկ ճակատ Հարավային Կովկասում՝ ձեռնտու չէ ոչ ոքի։ Հետևաբար աշխարհաքաղաքական ուժերն անելու են ամեն ինչ, որպեսզի այստեղ խաղաղություն և կայունություն պահպանվի։ Տվյալ դեպքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան և Բաքու պետք է դիտարկել նաև այս հարթությունում»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20-21-ին` Երևան։
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևն էլ «ՌԻԱ Նովոստիին» ասել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերի 7-8-ը՝ Վիեննայում:
Հարակից հրապարակումներ`
- Զախարովան մանրամասնել է, ինչ են քննարկելու Լավրովն ու Նալբանդյանը Երևանում
- Համանախագահների կողմից կա որոշակի ակտիվություն. Շավարշ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին