2018-ից մեկնարկելու է Շուշիի և Ասկերանի շրջաններում արևային համակարգերի տեղադրման ծրագիրը
2018 թվականից մեկնարկելու է Շուշիի և Ասկերանի շրջաններում արևային համակարգերի տեղադրումը՝ ֆոտովոլտային էլեմենտներով և արևային ջրատաքացուցիչներով ապահովելու ծրագիրը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի (ԵՄԱՈՒ) գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանն ասել է, որ ծրագիրն իրականացվելու է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցներով, և արևային համակարգերը տեղադրելու են ուսումնարանի աշկերտները:
«Խոսքը վերը նշված շրջանների համայնքային կենտրոններում, դպրոցներում և մանկապարտեզներում արևային համակարգերի տեղադրման, ինչպես նաև Քարին տակ գյուղի բոլոր առանձնատներն արևային ջրատաքացուցիչներով ապահովելու մասին է»,- նշել է նա և ավելացրել, որ, ըստ ծրագրի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախի բոլոր շրջաններում նախատեսված է տեղակայել արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։
«Ուսումնարանը ևս ներգրավված է լինելու ծրագրին, քանի որ որոշ մասով կոորդինացնելու է այն»,- ասել է Վ. Կարապետյանը և հավելել, որ հայաստանյան «Արփի Սոլար» արևային էներգետիկ համակարգերի տեղադրմամբ զբաղվող ընկերությունը ևս իր մասնակցությունը կունենա՝ ապահովելով նյութամատակարարումը:
Անդրադառնալով ընթացիկ տարում կայանալիք «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող հեռուստամարաթոնին, որի արդյունքում հանգանակված գումարի մի մասը կուղղվի Արցախի շրջաններում արևային էներգետիկ համակարգերի տեղադրմանը, մեր զրուցակիցը նշել է, որ այն լուծելու է մի շարք խնդիրներ, ինչպիսին, օրինակ, ծախսված էներգիայի համար քաղաքացիների կողմից վճարվող գումարի տնտեսումն է և էներգոհամակարգի ապակենտրոնացումը, որը մեր տարածաշրջանի համար կարևոր նշանակություն ունի: