Քվեարկելու եմ ճիշտ այնպես, ինչպես չէր ցանկանա քաղաքական մեծամասնությունը. Ուրիխանյան
«Վստահ եմ, կոռեկտությանս հետ կապված կասկածներ չկան, ուստի խնդրում եմ որևէ մեկին չկանխագուշակել ընդդիմության մոտեցումները»,- ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
«Փառք Աստծո, այսօր խորհրդարանում ունենք այնպիսի ընդդիմություն, որը երազում է ամուր, կանգուն, հզոր Հայաստանի Հանրապետության մասին: Հիմնավորում չէ, որ եթե ընդդիմություն է ու պետք է դեմ քվեարկի բյուջեի նախագծին: Ինչո՞ւ է ընդդիմությունը դեմ քվեարկելու, հիմնավորումները տարբեր ձևերով բերվում են։ Օրինակ՝ միայն իր համար արհեստականորեն դեմ քվեարկողների բանակ ձևավորելու ցանկություն ունեցող կառավարությունը կարող էր առնվազն կարևորագույն երեք կետով նվազեցնել դրամական ծախսերը, որպեսզի քննադատության տեղ ստեղծի։ Թվում է՝ մազոխիստական ինչ-որ մոտեցում է եղել կառավարության կողմից, բյուջեն պատրաստողների կողմից, որպեսզի կպնելու տեղ լինի, որ դեմ քվեարկելու տեղ լինի, քննադատելու տեղ լինի»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ նվազեցրել են կրթության, սոցիալական, առողջապահության ծախսերը. «Ախր գոնե սիմվոլիկ պետք էր էստեղ ավելացում տալ, ոչ թե նվազեցում, որ գոնե խոսելու տեղ չլինի։ Սա հոգեբանության դրսևորում է»:
Ուրիխանյանը նշեց, որ բյուջեի փաստաթուղթն ուսումնասիրելիս ինչ ասես տեսել է՝ հանգիստ, մշակույթ, կրոն, պետական կառավարման մարմինների պահպանում. «Այս բյուջեին քվեարկելու եմ ճիշտ այնպես, ինչպես որ չէր ցանկանա քաղաքական մեծամասնությունը»։
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ նշեց, որ լսելով ելույթները՝ տպավորություն է ունենում, որ կան ժողովրդին շատ սիրողներ և ատողներ, ատողներից մեկն էլ ինքն է փաստորեն:
Անդրադառնալով թոշակների, նպաստների ու աշխատավարձերի չբարձրանալու մասին ելույթներին՝ ասաց. «Այո, թոշակները, նպաստները չեն բարձրացել, բայց դա ցուցանիշ չէ, սոցիալական ոլորտի համար կա մեկ և մեկ ցուցանիշ՝ ինչքան է աղքատությունը: Մեր երկրում աղքատությունը կազմում է շուրջ 30 տոկոս, որպեսզի աղքատությունը վերացնենք մեզ պետք է շուրջ 120 մլրդ փող, որ ուղիղ հասցնենք մեր աղքատ շերտին։ Պրակտիկան ասում է հետևյալը, որպեսզի այդ գումարը հասցնես հասարակությանը, դրան էլ պետք է գումարել շուրջ 200 մլրդ փող, որպեսզի բոլոր օղակներով անցնելով հասնի ուղիղ աղքատին։ Մենք պետբյուջեով նախատեսել ենք 40 մլրդ աղքատության վերացման համար: Տարեկան 500-600 մլրդ դրամ մենք ստանում ենք ոչ պետական ֆինանսավորումով, ստանում է յուրաքանչյուր քաղաքացի իր բարեկամից, իր հարևանից, քրոջից, եղբորից: Դուք ձեզ հարց տվեք, եթե մեզ աղքատության վերացման համար պետք է 200 մլրդ դրամ փող, մեր հասարակությունը ստանում է 500 մլրդ դրամ, ինչո՞ւ է աղքատությունը մնում, պատճառը պետական կառուցվածքի ոչ ճիշտ ինֆորմացիոն համակարգն է, ոչ ճիշտ վերահսկողության մեխանիզմն է, պետք է ունենալ ճիշտ պետություն. որը կլինի հասանելի, հասկանալի և կառավարելի: Սա համար մեկ խնդիրն է»։
ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով, ՀՀ տնտեսությանը պետք է տալ ֆունդամենտալ գնահատական, որը չասվեց. «Մենք մեկ օրում չէ, որ հասել ենք այս վիճակին։ Պետք է կարողանալ կանխորոշում տալ՝ ինչու Հայաստան ներդրումներ չեն գալիս։ Տնտեսական իշխանավորները գները գցելով ներկրմամբ զբաղվողներին դուրս են շպրտում շուկաներից, չէ որ մարդը բիզնեսով չի կարա զբաղվի՝ տարիներով վնաս կրելով»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր ժողովրդին պետք է ոչ թե ձուկ տանք, այլ ձուկ բռնել սովորեցնենք. Շարմազանով
- Բյուջեին դեմ քվեարկելու Նաիրա Զոհրաբյանի հինգ պատճառները
- Տնտեսական ճյուղերի մեջ ամենամեծ աճ կապահովի արդյունաբերությունը. Գագիկ Մինասյան
- 2018 թվականի բյուջեն կայունացման բյուջե է. Էդուարդ Շարմազանով
- 2018-ի բյուջեն ուղղված է Հայաստանի քաղաքացու կյանքը լավացնելուն. Արտեմ Ասատրյան
- Համոզված եմ, որ կունենանք մեր երկրի շահերը լավագույնս արտահայտող բյուջե. ՀՀ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան