
2012 թվականի համեմատ՝ նվազագույն աշխատավարձը բարձրացվել է շուրջ 70 տոկոսով. Արամյան
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ Հայաստանում զբաղվածության մակարդակը 2017 թվականի երկրորդ եռամսյակում աճել է շուրջ 40 հազար տեղով: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Սա պաշտոնական վիճակագրությունն է: Ինչ վերաբերում է գործազրկությանը, այն ևս, նախորդ տարվա առաջին եռամսյակի նկատմամբ նվազել է: Մեր նպատակն է պահպանել այդ միտումը: Եթե կարողանանք պահպանել, 2018 թվականին հարաբերականորեն ավելի լավ իրավիճակ ենք ունենալու»,- ասաց նա:
Վարդան Արամյանն անդրադարձավ նաև նվազագույն աշխատավարձի թեմային՝ հիշեցնելով, որ 2012 թվականի համեմատ՝ այն բարձրացվել է շուրջ 70 տոկոսով:
«Երբ մենք աշխատավարձ և թոշակ ենք բարձրացնում, ազնիվ պետք է գտնվենք ազգաբնակչության հետ և ասենք, որ մեկ տարվա խնդիր չենք լուծում: Մենք հարցին պետք է հեռանկարային նայենք»,- նշեց նախարարը: