Համանախագահների կողմից կա որոշակի ակտիվություն. Շավարշ Քոչարյան
Համանախագահների կողմից կա որոշակի ակտիվություն՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ընդհանուր առմամբ, գործընթացի վեկտորը տրվել է Վիեննայում և առ այսօր դեռ չի փոխվել», - ասաց Շավարշ Քոչարյանը:
Ըստ նրա, համանախագահների ակնկալիքն այն է՝ կարգավորման գործընթացում առաջընթաց լինի, ապա կողմերի միջև պետք է վստահություն լինի, ինչն էլ իր հերթին ենթադրում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացում:
Անդրադառնալով ՀՀ նախագահի Մոսկվա այցին՝ Շավարշ Քոչարյանն ասաց, որ ՀՀ նախագահի՝ Մոսկվա այցն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցը վաղուց պլանավորված էին: Ինչ վերաբերում է մշակութային օրերին, դա, ըստ նրա, ծրագիր է, որը վաղուց նախապատրաստվում էր, նույնը վերաբերում է Լավրովի այցին, որը կապված է դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հետ:
Հարցին, թե ՌԴ արտգործնախարարը ԼՂ կարգավորման վերաբերյալ ինչ-որ առաջարկություններ բերելո՞ւ է, նա ասաց, որ ՌԴ արտաքին գործերի նախարարը չի գործում առանձին, նա գործում է եռանախագահող երկրների ֆորմատի մեջ:
«Տարօրինակ է, որ անընդհատ փորձում են առանձնացնել, առավել ևս, որ Լավրովը մի քանի անգամ հրապարակային հերքել է», - ընդգծեց նա:
Դիտարկմանը, թե համանախագահների ակտիվությունն ինչո՞վ է պայմանավորված, Շավարշ Քոչարյանն ասաց, որ արդեն քանի տարի է՝ ոչ միայն չկա առաջընթաց բանակցային գործընթացում, այլ նաև իրավիճակը որոշակի առումով պայթյունավտանգ է, ինչի ապացույցն են նախորդ տարվա ապրիլյան դեպքերը. «Բնականաբար, համանախագահների համար անընդունելի է, եթե վերսկսվեն ռազմական գործողությունները»:
Անդրադառնալով առաջիկա հնարավոր հանդիպումներին՝ Շ.Քոչարյանն ասաց, թե այն հանգամանքը, որ երկու երկրների արտգործնախարարների հետ առանձին-առանձին համանախագահները հանդիպում են, չի բացառվում, որ կարող է միջնորդները առաջարկեն կազմակերպել արտգործնախարարների հանդիպումը. «Երբ դա կլինի, կհայտարարենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին