Արփինե Հովհաննիսյան. ԵԽԽՎ-ն քննարկել է «Ադրբեջանական լվացքատան» հարցը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով այս օրերին Փարիզում մասնակցել է ԵԽԽՎ Իրավական և մարդու իրավունքների, Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովների, ինչպես նաև մոնիթորինգի հանձնաժողովի նիստերին, մանրամասներ է ներկայացրել, թե ինչ հարցեր են քննարկվել հանձանժողովների նիստերում:
«Իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվեց հերթական նախաձեռնությունը, որը վերաբերում էր փողերի լվացմանը, այդ թվում` «ադրբեջանական լվացքատանը»։ Հատկանշական է, որ հենց Իրավական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այն կդառնա ինքնուրույն զեկույց։ Մոնիթորինգի հարցերի հանձնաժողովում ԵԽԽՎ համազեկուցողները բանավոր կարգով ներկայացրեցին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներն այս ժամանակահատվածում։ Հայաստանին վերաբերող զեկույցը կքննարկվի հաջորդ նստաշրջանների ընթացքում։ Քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել են երկու զեկույցներ, որոնք վերաբերում էին իսլամական պետության ֆինանսավորմանը, ինչպես նաև տարածաշրջանի վրա սիրիական ճգնաժամի ազդեցության հետևանքներին»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արփինե Հովհաննիսյանը:
Բացի այդ հանձնաժողովում ամփոփվել է նաև Ստրասբուրգում տեղի ունեցած «Արդյո՞ք պոպուլիզմը խնդիր է» թեմայով ֆորումի արդյունքները։ Արփինե Հովհաննիսյանը գրել է, որ հետաքրքրական է, որ տարբեր երկրների ներկայացուցիչներ այն կարծիքի էին, որ պոպուլիզմին նպաստող հանգամանք է նաև նոր և այլընտրանքային մեդիայում պատասխանատվության չկարգավորվածության հարցը։
«Այս առումով, թերևս պատահական չէ, որ ԵԽԽՎ-ում առաջին անգամ մեդիա հարցերով հանձնաժողովի կողմից շրջանառվելու և ներկայացվելու է զեկույց, որը առաջարկելու է անդամ պետություններին կարգավորել ինտերնետում և էլեկտրոնային մեդիայում պատասխանատվության հարցերը։ Նախաձեռնության հեղինակն է Մեծ Բրիտանիայի պատվիրակությունից Լորդերի պալատի ներկայացուցիչը»,- նշել է ՀՀ պատվիրակության ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան