Անչափահասներին ալկոհոլի, ծխախոտի վաճառքը և գիշերային ակումբներ մուտք գործելը կարգելվի
Վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի նիստում անչափահասներին ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ վաճառելու ու գիշերային ակումբներ հաճախելու դեպքերի վերաբերյալ հնաձնարարական տվեց:
«Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ անչափահասներին ծխախոտ, այդ թվում՝ նարգիլեի համար, ալկոհոլային խմիչքներ և այլ արտադրանքներ վաճառելու, 18 տարին չլրացած անձանց համար արգելված գիշերային ակումբներ և զվարճանքի այլ վայրեր մուտք գործելու դեպքերի կանխարգելումն անբավարար է, իսկ որոշ դեպքերում` չկանոնակարգված։
Ներկայումս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները ևս բավարար չեն: Ավելին՝ նման դեպքերն ուսումնասիրելու հստակ լիազոր պետական մարմին նախատեսված չէ, փոխարենը նախատեսված են մի քանի մարմիններ և հստակեցված չեն գործառույթները»,- նշեց վարչապետը:
Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարեց արդարադատության, տնտեսական զարգացման և ներդրումների, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և ոստիկանության պետին և առաջարկեց Երևանի քաղաքապետին՝ 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել անչափահասներին ծխախոտային արտադրատեսակներ, ալկոհոլային խմիչքներ և այլ արտադրանքի վաճառելու, ինչպես նաև տասնութ տարին չլրացած անձանց համար արգելված զվարճանքի վայրեր մուտք գործելու դեպքերի համար պատասխանատվության միջոցների խստացման, կանոնակարգման, ինչպես նաև լիազոր մարմնի գործառույթների հստակեցմանն ուղղված առաջարկություններ և ներկայացնել կառավարության աշխատակազմ: