Քննարկվում է պարտադիր զինծառայությունից խուսափածների հայրենիք վերադառնալու նախագիծը
Խորհրդարանում քննարկվում է Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Վահե Էնֆիաջյանի և Աղվան Վարդանյանի ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Աճեմյանն ասաց նաև, որ կառավարությունը որոշել էր նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով տուգանքը սահմանել յուրաքանչյուր զորակոչի համար, բայց իրենք գրավոր առաջարկ են ներկայացրել այդ տուգանքը սահմանել երկուհարյուրապատիկի չափով, որից հետո նրանք կարող են վերադառնալ հայրենիք։
Աճեմյանին հարցով դիմեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Ասացիք` մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, այսինքն` ենթադրվում է, որ սա ռազվի միջոցառում է՞, հնարավո՞ր է հետագայում նորից այս խնդրի առջև ենք կանգնելու»։
Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ չեն կարող որևէ օրենքում ամրագրել դրույթ և ասել վերջին անգամ է. «Եթե հետագայում կլինեն առաջարկներ, եթե այդ պահանջը լինի և կառավարությունը դրական եզրակացություն տա, նորից կքննարկենք։ Ամրագրել ենք դրույթ առ այն, սույն օրենքը գործում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը: Օրենքի ժամկետը երկարացրել ենք, որպեսզի այն քաղաքացիներն, ում 27 տարին լրացել է, կարողանան այս օրենքից օգտվել»։
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ հետաքրքրվեց. «Այս օրենքի՝ ամեն տարի երկարացնելու նպատակը ո՞րն է, գումար հավաքագրե՞լը, թե՞ ուզում ենք, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան և բանտեր չնստեն»։
Աճեմյանը պատասխանեց, որ ոչ թե իրենք մտածում են անպայման բյուջեն լցնեն, այլ այդ մարդկանց համար պայմաններ ստեղծեն և եթե ուզում են վերադառնալ, պետք է օրենքով նախատեսված գումարները վճարեն. «Սա ոչ թե գերխնդիր է, այլ միջոց է քրեական հետապնդումից խուսափելու»։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ռեպլիկի կարգով նշեց. «Կան տղաներ, ովքեր մանկահասակ տարիքում գնացել են արտասահման, այնտեղ են ապրում, միգուցե այնտեղ նաև ծառայել են: Նրանց նկատմամբ դրական վերաբերմունք պետք է լինի, բայց նաև պետք է ընդունել, որ կան մարդիկ, որոնք դպրոցն ավարտել են և հեռացել Հայաստանից՝ բանակից խուսափելու: Սա նաև անարդար է բանակում ծառայող, սահմանը պահող զինվորների հանդեպ։ Ներգաղթը շատ կարևոր է, բայց մյուս կողմից պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնենք»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցրեց, թե քանի հոգի է հետախուզման մեջ գտնվում՝զորակոչից խուսափելու համար և արդյոք բոլորի հանդեպ է հարուցված քրգործ։
Աճեմյանն ասաց, որ իրավասու չէ այդ հարցին պատասխանել։
Օրենքի նախագծով առաջարկվում է «2015թ. մայիսի 1-ը» բառերը փոխարինել «2017թ. դեկտեմբերի 1-ը» բառերով: Բացի այդ, պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին իր նկատմամաբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և կամ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատման, կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից իր տարկետման իրավունքը ձևակերպելու, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պահեստազորում հաշվառվելու նպատակով կարող է օրենքի խախտմամբ չզորակոչված յուրաքանչյուր զորակոչի դիմաց վճարել նվազագույն ամսական աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով գումար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան