2018-ին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կարող է աճել շուրջ 300 դոլարով. Վարդան Արամյան
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խիստ դեմ է այն մոտեցմանը, որ սոցիալական բնույթի պարտավորությունները՝ աշխատավարձերն ու թոշակները, ֆինանսավորվեն ի հաշիվ պարտքի: Այս մասին գործադիրի ներկայացուցիչը հայտարարեց այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Նման դեպք եղել է Հունաստանում: Այդ երկիրը հետագայում ստիպված է եղել գնալ կոշտ քայլերի՝ մի քանի անգամով նվազեցնելով թոշակները: Կառավարության հնարավորությունները սահմանափակ են, իսկ մարդկանց կարիքներն անընդհատ աճում են: Հետևաբար, պետք է օժանդակել մարդկանց, սովորեցնել սեփական ուժերով ձուկ բռնել: Կարծում եմ՝ մեր որդեգրած ուղղությունը ճիշտ է: Սա սոցիալական խնդիրների լուծման ճիշտ բանալին է»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով կրճատումներին՝ Վարդան Արամյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ մարդիկ 10 տոկոսով ավելի վատ են ապրելու:
«Լավ կամ վատ ապրելու ցուցիչներից մեկը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն է: Եթե 2018-ին հաջողվի իրագործել մեր ծրագրերը, ապա մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կաճի շուրջ 300 դոլարով: Այսօր արդեն իսկ սպառման աճ ենք արձանագրել, որը փաստում է՝ կարծես թե ճիշտ ուղղությամբ ենք ընթանում։ Սպառումը բնութագրում է, թե ինչպիսին է մարդկանց կենսամակարդակը։ Մարդը սկսում է ավելի շատ սպառել, եթե տվյալ պահին իր մոտ կա եկամուտների աճ և եթե ունի ակնկալիք, դրական սպասումներ ապագայի նկատմամբ»,- նշեց նախարարը։
Վարդան Արամյանը հիշեցրեց, որ պետք է վերանայել հանրային հատվածի աշխատատեղերը։
«Հանրային հատվածում մենք ունենք շուրջ 256 հազար աշխատող: Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք մեր հարկատուների վճարած գումարներն ադեկվատ են բյուջեի հաշվին պահվող աշխատատեղերին: Ֆինանսների նախարարության օրինակով կարող եմ ասել՝ մենք վերանայել ենք ոչ թե մարդկանց, այլ աշխատատեղը, թե տվյալ աշխատատեղը ինչ ավելացված արժեք է ստեղծում հանրության համար և արդյոք ադեկվատ է, որ տվյալ աշխատատեղը սնվի հարկատուների գումարներից», - նշեց նախարարը։