Սուսերամարտ. Հայաստանն առանց առաջատարների պարտվեց Վրաստանին
Նոյեմբերի 14-ին և 15-ին կայացել է սուսերամարտի Մ 23 տարեկանների Հայաստանի թիմային բաց առաջնությունը, որին մասնակցում էր նաև Վրաստանի թիմը:
Խոցասուսեր զենքաձևում տղաների պայքարում առաջին տեղը զբաղեցրել են վրացիները: Նրանք մեր տղաներին հաղթել են 45-37 հաշվով: Աղջիկների պայքարում ևս Վրաստանի թիմն ուժեղ է գտնվել: Հայ աղջիկները զիջել են մեկ խոցումի տարբերությամբ՝ 38-39:
Ճկասուսեր զենքաձևում տղաների մեջ առաջինը Վրաստանի թիմն է: Նրանք մերոնց հաղթել են մեծ առավելությամբ՝ 45-27: Աղջիկների պայքարում 45-41 հաշվով հաղթել է Հայաստանը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանն ասաց, որ առաջնությանը չէին մասնակցում մեր առաջատար մարզիկները՝ Մայքլ Հովհաննիսյանն ու Էդուարդ Օվիկյանը, ինչը մեծապես ազդել է արդյունքների վրա.
«Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանն ընդառաջ սա շատ կարևոր մրցում էր և´ մարզիկների և´ մարզիչների համար: Տեսանք մեր սուսերամարտիկների ուժեղ և թույլ կողմերը: Արդյունքից իհարկե գոհ չենք: Պետք է հետևություն անենք և աշխատենք շտկել բոլոր թերությունները:
Վրաստանը ներկայացել էր մարտական կազմով: Նրանց ճկասուսերակիր տղաներից մեկն այս տարի Եվրոպայի առաջնությունում (Մ23) մրցանակակիր էր դարձել»,- ասաց Արտաշես Մադոյանը:
2018 թ. Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում, ապրիլի 15-20-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան