Դեսպան. Քայլեր են արվում ՀՀ դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցմանն աջակցելու համար
Ֆրանսիայի նման բարեկամ երկրի հետ համագործակցության ամրապնդումն ու զարգացումը Հայաստանի համար կարևոր է ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Ֆրանկաֆոն երկրների և Եվրոպայի Միության շրջանակներում: Այս մասին հայտնել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի հետ հանդիպմանը:
ԿԳՆ մամուլի վարչության հաղորդմամբ, Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ երկու երկրների կրթության ոլորտում համագործակցության լուրջ հաջողություններ են գրանցված, նրա խոսքով, Ֆրանսիայի դեսպանատունը մեր կրթական համակարգը մշտապես պահել է ուշադրության կենտրոնում՝ ոլորտի նկատմամբ ցուցաբերելով լուրջ և գործուն աջակցություն:
Անդրադառնալով Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությանը, հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ուղղությամբ ձեռնարկված քայլերին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է. «Կրթական ծրագրերի նման հագեցվածությունը կարող են միայն հոգեհարազատ ազգերն ու պետություններն արձանագրել»:
Դեսպան Լաքոթն ընդգծել է, որ կրթության համակարգում կատարվել են աշխատանքներ, որոնք գոհացուցիչ են և արդյունքներն էլ ակնառու: Նա խոստովանել է, որ Հայաստանում իր մեկամսյա գործունեության ընթացքում ունեցած հանդիպումներից, թերևս ամենակարևորը՝ կրթության համակարգի հարցերի քննարկումն է եղել:
«Քիչ են այն երկրները, որոնց հետ Ֆրանսիան կրթության ոլորտում այսքան խորացված հարաբերություններ ունի»,-շեշտել է Ֆրանսիայի դեսպան Լաքոտը:
Նա տեղեկացրել է նաև, որ մտադրություն կա ընդլայնել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը, քայլեր են կատարվում դպրոցներում ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցմանն աջակցելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին