Արսեն Գաբրիելյան. Ուսանողական առաջնությունը նպաստում է բազկամարտի զարգացմանն ու մասսայականացմանը
Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում անցկացվել է բազկամարտի հանրապետության ուսանողական առաջնությունը, որին մասնակցեց Երևանի, Հայաստանի մարզերի, Արցախի և Ջավախքի 360 ուսանող:
«Ամեն տարի, ավանդույթի համաձայն անցկացնում ենք այս առաջնությունը ուսանողի միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ին: Ուսանողական առաջնությունն անցկացվում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո: Նա մեծ ուշադրություն և աջակցություն է ցուցաբերում մեր մարզաձևին, ինչի համար շատ շնորհակալ ենք նրան: Այս տարի առաջին անգամ առաջնությունում հանդես են գալիս նաև աղջիկներ»,-ՀԱՕԿ լրատավականի հետ զրույցում հայտնել է Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբիելյանը:
Նոյեմբերի 20-ին կկայանա բազկամարտի Հայաստանի հերթական առաջնությունը, նվիրված ազգային ֆեդերացիայի առաջին նախագահ Աշոտ Սարգսյանի հիշատակին: Առաջնությանը կմասնակցեն նաև սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձիք:
Արսեն Գաբրիելյանի խոսքով ուսանողական առաջնությունը նպաստում է Հայաստանում բազկամատի զարգացմանն ու մասսայականացմանը.
«Շատ ուսանողներ հետագայում որոշում են գալ մեզ մոտ և պրոֆեսիոնալ մարզվել: Շատ հնարավոր է, որ այսօրվա մասնակիցներից ոմանք ցանկություն հայտնեն հանդես գալ հանրապետության առաջնությունում: Ուսանողական առաջնությունում չի թույլատվում մասնակցել պրոֆեսիոնալ մարզիկներին»,-ասել է ՀԲՖ-ի նախագահը:
Ընթացիկ տարին հաջող էր հայկական բազկամարտի համար: Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճվել է 9 մեդալ, որից 2-ը՝ ոսկե: