«Գաջագործի, պատշարի նկատմամբ նման օրենք չե՞նք ուզում ընդունել». Բագրատյանը՝ Հովհաննիսյանին
Ազգային ժողովն այսօր քննարկման է դրել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով, որի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանը և Կարեն Ավագյանը, սահմանվում է բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով:
Մեկ այլ կետով սահմանվում է բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Կարեն Ավագյանից հետաքրքրվեց, թե ինչու է տարբերակվում բռնարարքը. «Տպավորություն է՝ մասնագիտացված առանձնացված վերաբերմունք է դրսևորում, այն դեպքում, երբ բռնարարքը հակաօրենսդրական է, և քրեական օրենսգրքով կա պատժի հստակ սահմանում»։
ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ առանձնացնելու խնդիր կա և հիշեցրեց, որ նման առանձին օրենքներ կան այլ մասնագիտությունների գծով, ինչպես օրինակ լրատվամիջոցների, զինծառայողների գործունեությունը խոչընդոտելու նկատմամբ առանձին հոդված կա։
Հարցին, թե ինչու հենց բժիշկներին, եթե ոչ մանկավարժներին, Ավագյանը պատասխանեց. «Միայն բժիշկներն են առանձին հոդվածներով պատասխանատվության ենթարկում, եթե մասնագիտական սխալ են թույլ տվել, իսկ քանի որ կա պատասխանատվություն, նաև իրավունքի խնդիրը պետք է փորձել առաջ բերել»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին հարցրեց. «Ամենևին էլ ինձ հասկանալի չէ, որ օրինակ տիեզերագնացի, գաջագործի, պատշարի նկատմամբ նման օրենք չե՞նք ուզում ընդունել։ Կարծում եմ տեղին չէ մի օրենսգրքում առանձնացնել, դա առանձնացման ենթակա ոլորտ չէ, հանրային կյանքի բոլոր ոլորտներն էլ կարևոր են»։
Արփինե Հովհաննիսյանը հարցով պատասխանեց Բագրատյանին. «Լրագրողի նկատմամբ էլ եք գտնու՞մ, որ կարևոր չէ։ Երկրաբան, տիեզերագնաց, սրանք յուրաքանչյուրը գնահատողական կատեգորիաներ են, որոնք մեկի համար կարևոր են, մյուսի համար ոչ այնքան, սակայն քրեական իրավունքի տեսանկյունից կան ընդունված համաընդհանուր չափանիշներ ոչ միայն ՀՀ ում, այլ տարբեր երկրներում, որտեղ առանձնացվում են այս կամ այն կատեգորիաները»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին