Հայաստանն ունի բոլոր նախադրյալները ոչխարաբուծության ճյուղը զարգացնելու համար. Իգնատի Առաքելյան
Հայաստանը հետաքրքրված է իրանական շուկայով, ուստի քայլեր են ձեռնարկվում մեր երկրում ոչխարաբուծության զարգացման համար: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ մասին այսօր Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդության բանիմացների խորհրդի անդամ, ԻԻՀ գյուղատնտեսության նախարարությունում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Հասան Ալամիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում մահմեդական «հալալ» կանոններով կատարվող մորթի կազմակերպմանն առնչվող հարցերի:
Այաթոլլահ Հասան Ալամին նշել է, որ Իրանում մեծ պահանջարկ է վայելում Հայաստանում արտադրված ոչխարի միսը, և իրենք հետաքրքրված են, որպեսզի քննարկվեն ոչխարի մսի արտահանման ծավալներն ավելացնելու և «հալալ» մորթ կազմակերպելու հնարավոր տարբերակներ: Ի պատասխան՝ Իգնատի Առաքելյանը նշել է, որ Հայաստանում կան ոչխարաբուծության զարգացման բոլոր նախադրյալները, սակայն արտահանումն ավելի երաշխավորված և հեռանկարային կլինի, եթե հստակեցվի շուկայի պահանջարկը:
Հասան Ալամին իր հերթին նշել է, որ իրենց կողմից տրամադրվող «հալալ» մսի հավաստագիրն անցողիկ է իսլամական երկրներում, ինչը հնարավորություն է տալիս նաև ընդլայնել արտահանման աշխարհագրությունը: Նախարարը կարևորել է Հայաստանում «Հալալի» գրասենյակ բացելու աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը՝ հաշվի առնելով նաև ԻԻՀ–ում ստորագրված անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին հուշագիրը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է անվճար տարածք տրամադրել` «Հալալի» գրասենյակ բացելու համար:
Նախարար Առաքելյանը կարևորել է նաև տոհմային գործի իրանական փորձի ուսումնասիրումը հայ մասնագետների կողմից, որի նպատակով առաջիկայում Հայաստանից աշխատանքային խումբ կմեկնի Իրան: Քննարկվել են նաև «հալալ» մորթի մշակույթի ներդրմանը, հստակ չափանիշների սահմանմանը, այլ սպանդանոցների բացման անհրաժեշտությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Եզդիները սկսել են ավելի քիչ ոչխար պահել
- Հայաստանը և Վրաստանը կհամագործակցեն ոչխարաբուծության ոլորտում
- Տնտեսվարողները դիմել են «Հալալ» գրասենյակ՝ իսլամական շուկա մուտք գործելու համար
- «Հալալ»-ը մտադիր է Հայաստանում գործունեություն ծավալել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան