Գներն աճում են, գնաճը զսպող չկա. Չիլինգարյան
Հայաստանում ապրանքների գները շարունակաբար աճում են, իսկ գնաճը զսպող քայլեր չկան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը նշեց, թե ցավալի է, որ բյուջեն ներկայացնում են, հաստատում, բայց դրանում ոչինչ չի նշվում աշխատավարձերի, նպաստների բարձրացման մասին:
«Ամիս չկա, որ կարագը, պանիրը չթանկանան: Կարագի մասին ասում են՝ միջազգային շուկայում գները բարձրացել են, բայց այդ պարագայում ու՞ր են մեր տեղական արտադրողները: 1 տարվա ընթացքում կարագը 80 – 100 տոկոսով թանկացել է: Նույնն է մսի պարագայում: Նման թանկացումների ժամանակ, մանավանդ, որ ոչ մի հույս չկա, որ այս գնաճը կզսպվի, անհրաժեշտ է աշխատավարձերն ու նպաստները բարձրացնել»,- ասաց նա:
Չիլինգարյանի խոսքով՝ կառավարությունն աշխատում է նաև նրա համար, որ այս թանկացումները զսպի, սակայն տեսնում ենք, որ լուռումունջ ենթարկվում ենք նրան, ինչ ասվում է ԵՏՄ-ում:
Բանախոսն ընդգծեց, որ չի կարելի մեր սպառողի գնողունակությունը համեմատել, ասենք, Ղազախստանի սպառողի գնողունակության հետ: Հնչող տեսակետը, թե այս բյուջեն սոցիալական խնդիրները լուծելու է կայունացման միջոցով, ըստ Չիլինգարյանի, համոզիչ չէ:
«Մեր ժողովուրդն արդեն սովորել է, որ միշտ ապագայի մասին են խոսում: Դա գալիս է դեռ խորհրդային ժամանակներից: Բայց քանի գնաց, վիճակը վատացավ: Ես հակված եմ նրան, որ այս բյուջեն չի բերի խոստումների իրականացման»,- ասաց նա:
Խոսելով ԵԱՏՄ միասնական դրույքաչափերի կիրառման հետևանքով 750 ապրանքանիշերի թանկացման մասին՝ Չիլինգարյանը նշեց, որ իր համար մինչև այժմ տեսանելի չեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության առավելությունները, որոնց մասին անընդհատ բարձրաձայնվում էր: Եթե նախկինում ներկրման մաքսատուրքն առավելագույնը 10 տոկոս էր, ապա այժմ կիրառվելու են հենց ԵԱՏՄ օրենքները:
«Մեզ դեռ 2-3 տարով ինչ-որ արտոնություն էին տվել, մաքսազերծման տոկոսները չէին ավելացնում, բայց հիմա արդեն տարեցտարի կավելանա, և սա կբերի ապրանքների թանկացման: Երրորդ երկրներից ներկրվող ապրանքները կթանկանան»,- նշեց նա: