Բրազիլիան քարոզում է Արցախյան խնդրի խաղաղ կարգավորում. Բրազիլիայի արտգործնախարար
Բրազիլիայի արտգործնախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան մեծ պատիվ է համարում Երևանում գտնվել։ Այս մասին բրազիլացի գործիչը հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Արդեն 25 տարի՝ մեր երկու երկներին կապում են դիվանագիտական հարաբերությունները։ Մենք, իհարկե, շատ անելիքներ ունենք՝ բաց թողածը լրացնելու համար։ Այնուամենայնիվ, 25 տարիների ընթացքում մենք ունեցել ենք շատ բարեկամական հարաբերություններ, նաև կապեր ենք հաստատել և ընդհանուր մոտեցումներ դրսևորել շատ հարցերում։ Բազմաթիվ հարցերում մենք միակարծիք ենք և գործում ենք ավանդական բարեկամության շրջանակներում, որը հաստատվել է նաև ի շնորհիվ բրազիլահայ համայնքի։
Բրազիլիայում կա 25 հազարանոց շատ աշխույժ հայկական համայնք, որը շատ ամուր կապված է իր արմատներին, բայց նաև շատ նվիրված է Բրազիլիային։ Մեր նախարարությունում ունենք շատ հայ գործընկերներ։ Սան Պաուլոյի համալսարանը, որը Բրազիլիայի ամենամեծ համալսարաններից մեկն է, ունեցել է նաև ծագումով հայ նախագահ՝ Վահան Հակոբյանը։ Այս ամենը մերձեցնում է մեզ»,- նշեց բրազիլացի պաշտոնյան։
Նա նաև շեշտեց, որ քաջատեղյակ է հայ ժողովրդին պատուհասած ողբերգության՝ Հայոց ցեղասպանության մասին և այսօր շատ մեծ հուզմունքով այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգելու մեծ ոճրագործության զոհերի հիշատակը։
Անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման խնդրին՝ Ալոիզիո Նունես Ֆերեիրան ընդգծեց, որ իր երկրի դիրքորոշումն այս հարցում հստակ է։ «Բրազիլիան խաղաղասեր երկիր է, որը քարոզում է խնդրի խաղաղ կարգավորում, հարցի լուծում՝ միջազգային իրավունքի շրջանակներում։
Մենք կարծում ենք, որ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հրադադարը պետք է պահպանվի՝ հասնելու վերջնական խաղաղության»,- նշեց Բրազիլիայի արտգործնախարարը։
Բրազիլացի գործիչը տեղեկացրեց, որ հայ գործընկերեջ հետ ստորագրել են մի շարք համաձայնագրեր և նշեց, որ այժմ դրանք պետք է առավել արդյունավետ դարձնել՝ ավելի ընդլայնելու հայ-բրազիլական հարաբերությունները։
Ստորագրվել է նաև ներդրումների դյուրացման համաձայնագիր, որը Հայաստանին և Բրազիլիային պետք է հնարավորություն ընձեռի բարելավելու փոխգործակցությունը՝ ոչ միայն առևտրաշրջանառությունն ավելի դինամիկ դարձնելու, այլև նոր ներդրումների համար բարենպաստ դաշտ բացելու առումով։
«Ուստի պետք է անպայման խրախուսել հայ և բրազիլացի ներդրողներին։ Բրազիլիան տնտեսական առումով զարգանում է։ Վերջին 3 տարիներին դժվարություններ ենք ունեցել, ՀՆԱ-ն 7-8 տոկոսով անկում էր ապրել, սակայն արդեն այս տարի 1 տոկոս տնտեսական աճ ենք նախատեսում։ Կարծում ենք՝ եկող տարի մեր տնտեսական աճն ավելի շոշոփելի կլինի՝ մոտ 3 տոկոսի չափ։ Բյուջեն ավելի հավասարակշռված է։ Քաղաքական վայրիվերումների ժամանակահատվածը, կարելի է ասել, մենք անցել ենք, հաղթահարել ենք ամենածանր պահերը»,- ամփոփեց Ալոիզիո Նունես Ֆերեիրան։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ի և Բրազիլիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումը նոր հնարավորություններ է բացում. Նալբանդյան
- Հիմնախնդրի կարգավորման գործընթացում հեծանիվ հնարելը դժվար է. Նալբանդյանը՝ Լավրովի հնարավոր նոր առաջարկների մասին
- Ադրբեջանը որքան էլ իրեն գառնուկ ձևացնի, որևէ մեկին խաբել չի կարող. Էդվարդ Նալբանդյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին