Մարիա Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորումը մեր համար միջազգային առաջնահերթ հարցերից է
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ՌԴ միջազգային օրակարգի առաջնահերթ հարցերից է»,- լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:
«Այս հարցը մեր համար միջազգային օրակարգում առաջնայիններից է, որովհետև խոսքը պարզապես մեր հարևանների մասին չէ: Այդ ժողովուրդների հետ մեզ կապում է ոչ միայն միջազգային իրավական փաստաթղթերի փաթեթը և պարտավորությունները, այլև՝ կյանքը, ճակատագիրը: Մենք հարյուրամյակներ շարունակ ունեցել ենք ընդհանուր պատմություն: Մեր համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն առաջնային է», - ասել է Մարիա Զախարովան:
Անդրադառնալով՝ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարության վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին, թե ԱՄՆ-ն, հնարավոր է, հետ կանչի իր համանախագահին Մինսկի խմբից կամ փոխի նրա կարգավիճակը, որի պատճառաբանությունը Պետդեպարտամենտի ֆինանսավորումը նվազել է, Զախարովան նշել է, որ այդպիսով կփոխվի նաև ՄԽ ձևաչափը:
«Պրակտիկորեն այդ հարցը ես չեմ մեկնաբանի, քանի որ այն ամերիկյան կողմին պետք է ուղղել: Եթե մեկ համանախագահ պակասի, ապա ձևաչափը կփոխվի: Կլինի՞ այդպես կամ ի՞նչ պատճառներով կլինի. այդ հարցը մեզ չպետք է ուղղել, այլ ամերիկյան կողմին», - նշել է Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-21-ը պաշտոնական այցով կժամանի Երևան, հանդիպումներ կունենա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Քննարկվելու է երկկողմ հարաբերությունների զարգացման լայն շրջանակ: Երկու գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաև ԼՂ հակամարտության կագրավորման հեռանկարները: