Հետամուտ ենք լինելու բարձր տեխնոլոգիաները հեռավոր շրջաններ հասցնելուն. Կարեն Կարապետյան
«Համաժողովի անվանումը ճիշտ նպատակ է արտահայտում», - այսօր Գյումրիում «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովի բացման արարողության ժամանակ այս մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանում նպատակ է դրվել զարգացնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ որպես մեր տնտեսության առաջ մղող ուղղություններից մեկը, որը ներդրումների ներգրավման և արտահանման մեծ ներուժ ունի:
«Այս երկուսի համադրումը ցանկալի արդյունք կարող է ապահովել: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը լավ օրինակ է, թե ինչպես կարելի է մարզում հիմնել և զարգացնել մի կառույց, որը խթանում է տեխնիկական և գործարար հմտությունների զարգացումը, նպաստում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ինովացիոն հետազոտմանն ու զարգացմանը, իրականացնում է մտքի և տաղանդի կոմերցիալիզացիա և այն վերածում գործող հաջողակ բիզնեսների»,-կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է վարչապետը։
Դիմելով համաժողովի մասնակից երիտասարդներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ նրանք մեր երկրի ամենամեծ ներուժն են:
«Մենք լավ հնարավորություն ունենք ձեզ հետ, որպեսզի յուրաքանչյուրս իր քաղաքում, մարզում՝ սեփական մասնակցությունը բերի այն փոփոխություններին, որոնք նախաձեռնել ենք: Մենք շատ ենք խոսում թվային օրակարգի մասին, քանի որ դա չափազանց արդիական է՝ ուղղակի օրվա հրամայական: Երբ կարողանանք բնութագրել մեր կառավարման սուբյեկտները, թվայնացնենք այն, այդ ժամանակ էլ ֆիքսվելու են մեր թերությունները, առավելությունները, շարժիչ ուժը»,-ընդգծել է վարչապետը՝ համաժողովին մաղթելով արդյունավետ աշխատանք:
Համաժողովը կազմակերպել են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝ ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, Հայ օգնության ֆոնդի և Եվրոպական միության ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության հետ համագործակցաբար: Երկօրյա համաժողովին մասնակցում են ՀՀ բոլոր մարզերից 150 երիտասարդ, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիական կրթությամբ, ճարտարագիտության, ծրագրավորման և նորարար ոլորտներով։ Համաժողովի նպատակն է Շիրակի մարզի հաջողված փորձի ներկայացման միջոցով Հայաստանում խթանել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծամասշտաբ ապակենտրոնացումը Երևանից մարզեր, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնագավառում պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստումը, մարզերում աշխատանքային շուկայի զարգացումն ու ընդլայնումը` միջազգային և տեղական ներդրումների համար գրավիչ պայմանների ձևավորմամբ, ինչպես նաև էլեկտրոնային հասարակության զարգացման հնարավորությունները` շահագրգռելով հասարակական բոլոր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, մշակույթի և մտածելակերպի ձևավորումը թվային Հայաստանի և էլեկտրոնային հասարակության գաղափարների իրականացմանն ընդառաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում