ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը շարունակում է աջակցությունը Տավուշի սահմանամերձ համայնքներին
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը շարունակում է աջակցությունը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին: Մասնավորապես, ինչպես տեղեկացնում են ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակից, Բաղանիս համայնքում նոր այգի կհիմնվի, որը կնպաստի համայնքում պտղաբուծության զարգացմանը։ Սարիգյուղ-Ներքին Ծաղկավան համայնքային փնջի համար ստեղծված գյուղատնտեսական տեխնիկայի կայանն էլ կաջակցի ֆերմերներին ավելի արդյունավետ մշակելու և հավաքելու հացահատիկը՝ նվազեցնելով կորուստները և մեծացնելով շահույթը:
Այս նախաձեռնություններն իրականացվում են Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ֆինանսավորվող «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» հնգամյա ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի բյուջեն կազմում է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար և նպատակաուղղված է ընդլայնել եկամտի ստեղծման հնարավորությունները, ինչպես նաև աջակցել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների գյուղական ենթակառուցվածքների զարգացմանը:
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն, և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության մշակութային կցորդ Եվգենի Պանտելեևը այցելել են մարզի Բաղանիս և Սարիգյուղ համայնքներ՝ տեղում ծանոթանալու իրականացված ծրագրերի արդյունքներին:
Վերջին երկու տարիների ընթացքում, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ, Տավուշի մարզի 26 սահմանամերձ համայնքների բնակիչները ներգրավվել են համայնքային կարիքների գնահատման և համայնքների զարգացման ծրագրերի մշակման մասնակցային գործընթացներում: Այս պլանավորման արդյունքներից ելնելով՝ ՄԱԶԾ-ն կիրականացնի մի շարք ենթածրագրեր՝ թիրախավորելով համայնքների բարելավման տեսակետից էական նշանակություն ունեցող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են զբաղվածությունը, գյուղական շրջանների զարգացումը, գյուղմթերքի վերամշակումը, ենթակառուցվածքների վերականգնումը, կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությունը և բնական աղետների նկատմամբ դիմակայունությունը:
Բաղանիս համայնքում 2․7 հա նոր պտղատու այգի կհիմնվի 4 տնտեսությունների համար։ Այն մաս է կազմում 30 հա նոր այգիների, որոնք ծրագրի աջակցությամբ կհիմնվեն մարզում այս տարի։ 1 հա միջին ինտենսիվության ընկույզի ծառեր կտնկվեն, որոնք բերք կապահովեն 2 տարի անց, ինչպես նաև հոն (1 հա) և տխիլ (0,7 հա)։ Այս այգիներում ջրախնայող կաթիլային ոռոգման համակարգ կներդրվի, որը ռեսուրս խնայող համակարգերի ներդրման գործընթացի մաս է կազմում։
Որպես մասնակցային պլանավորման ընթացքում բացահայտված համայնքային կարիքների լուծում, ծրագիրը Սարիգյուղ-Ներքին Ծաղկավան համայնքային փնջի համար գյուղտեխնիկայի կայան է հիմնել։ Համայնքային զարգացման «Ծաղկասար» հիմնադրամը հիմնվել է տնօրինելու կայանի աշխատանքը, ինչպես նաև այլ ծրագրերի իրականացումը համայնքային փնջում։ Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի համար ծրագիրը ձեռք է բերել կոմբայն և թրթուրավոր տրակտոր, մինչ համայնքային հիմնադրամը գնել է էքսկավատոր և կառուցել է կայանատեղի։ Ի լրումն, ծրագիրը նախատեսում է հիմնել ալրաղաց համայնքային փնջի համար և աջակցել հացաթխման բիզնեսին՝ ամբողջականացնելով արժեշղթան։ Այս միջոցառումների արդյունքում միայն այս տարի համայնքի աշնանացան ցորենի արտերի մակերեսը մեծացել է 200 տոկոսով։ Հիմնադրամը ստեղծել է ցորենի շրջանառու ֆոնդ, որը գնում է բարձրակարգ ցորեն և տրամադրում շահառուներին զեղչված գներով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում