Ադրբեջանը որքան էլ իրեն գառնուկ ձևացնի, որևէ մեկին խաբել չի կարող. Էդվարդ Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը հնարավոր է տեղի ունենա դեկտեմբերի 6-ին, 7-ին կամ 8-ին՝ Վիեննայում։ Բրազիլիայի արտգործնախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսօր այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Դեռ օրը կամ ժամը ճշտված չեն, բայց այդպիսի հանդիպման համաձայնություն տվել են երկու կողմերն էլ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին, ապա, ՀՀ արտգործնախարարի խոսքով, եռանախագահող երկրներն ամենաբարձր մակարդակով կոչ են անում զերծ մնալ ապակառուցողական մաքսիմալիստ դիրքորոշումներից և վերահաստատել հանձնառությունը՝ հիմնախնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։
«Արդյոք Ադրբեջանը դա անում է։ Եռանախագահները կոչ են անում վերահաստատել հանձնառությունը միջազգային իրավունքի երեք հայտնի սկզբունքներին՝ ուժի չկիրառում, ինքնորոշում և տարածքային ամբողջականություն։ Արդյոք Ադրբեջանը դա անում է։ Նրանք կոչ են անում հարգել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Արդյոք Ադրբեջանը դա անում է։ Եռանախագահները կոչ են անում իրականացնել Վիեննայում և ոչ միայն Վիեննայում (այդ հարցի շուրջ մենք խոսում ենք առնվազն վերջին 8 տարվա ընթացքում) միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին։ Արդյոք Ադրբեջանն անում է դա։ Եռանախագահները կոչ են անում ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի մոնիթորինգային կարողությունները։ Իսկ ինչ է անում Ադրբեջանը։ Անում է ամեն ինչ, որ եթե անգամ շատ ձևական թվի ավելացում լինի, ապա սահմանափակ լինեն մոնիթորինգային հնարավորությունները։
Եռանախագահներն ամենաբարձր՝ այդ երկրների նախագահների մակարդակով Դովիլում ընդունված հայտարարության մեջ կողմերին կոչ արեցին համաձայնություն տալ Կազանում հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների։ Արդյոք Ադրբեջանը դա արեց։ Մոտ ութ-ինը տարի մենք քննարկում էինք հիմնարար սկզբունքները, հետո Ադրբեջանն ասաց, որ հիմնարար սկզբունքներ պետք չէ քննարկել։ Սա ոչ միայն Դովիլում, ոչ միայն Կազանում։ Այս շարքը կարելի է շատ երկար շարունակել։ Այնպես որ ինչ-որ հայտարարություններ անեն, իրենցից գառնուկ ձևացնեն, որևէ մեկին խաբել չեն կարող։ Ժողովրդական ասացվածք կա՝ ինչքան գայլի գլխին քարոզ կարդաս, գայլը մնում է գայլ»,- համեմատություն կատարեց Էդվարդ Նալբանդյանը։
ՀՀ արտգործնախարարը նաև նկատեց՝ ավելի շուտ պետք է խոսել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի՝ արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տարբեր մոտեցումների մասին, որքան Ադրբեջանի և ԵՄ-ի, Ադրբեջանի և միջազգային հանրության։
«Այդ տարբերությունը բազմիցս ակնհայտ է եղել։ ԵՄ դիրքորոշումը Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել։ Դա կոնյուկտուրային դիրքորոշում չի եղել, այլ մտածված, բավական գիտակցված և այնպիսի մոտեցում է, որպեսզի վնաս չհասցվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ նպաստելով եռանախագահող երկրների ջանքերին՝ նպաստի նաև հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ ԵՄ այս դիրքորոշումը երբևէ չի փոխվել»,- ասաց բարձրաստիճան պաշտոնյան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան