Առաջարկվում է խաղաղարար առաքելություններում կին զինվորականների թիվը հասցնել 15 տոկոսի
Կանադայի Վանկուվերում քաղաքում ավարտվել է ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովը, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ։
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ համաժողովին ներկա բանախոսների կարծիքով՝ ՄԱԿ անդամ պետությունները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ։ Համընդհանուր համոզմունքով՝ Միավորված ազգերի կազմակերպության դրոշի ներքո իրականացվող խաղաղարար առաքելություններն այս պահին եղած լավագույն գործիքներից են՝ աշխարհի տարբեր անկյուններում առկա հակամարտությունները կասեցնելու, զանգվածային բռնություններն ու մարդասիրական աղետները կանխելու համար, ինչը պարտադրում է կենտրոնացնել ջանքերը՝ միասնական գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու համար։
Առանձնահատուկ ընդգծվել է խաղաղարար առաքելություններում կին զինվորականների թվի ավելացման անհրաժեշտությունը։ Առաջարկվում է այն հասցնել 15 տոկոսի։
Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն, ով ներկայացրել է «վանկուվերյան սկզբունքները», որոնք պետք է կանխեն երեխաների ստիպողական մասնակցությունը մարտական գործողություններին։
Համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև աշխարհահռչակ դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին, ում ելույթը նվիրված է եղել ողջ աշխարհում սեռական բռնությունների դեմ միասնական պայքարի անհրաժեշտությանը։
Հայաստանը բացառիկ երկրներից է, որ առավելագույն ջանք է ներդնում խաղաղարար առաքելություններում։ Հայաստանը պատրաստ է շարունակել մասնակցությունն այդ ծրագրերին՝ խորապես գիտակցելով դրանց կարևորությունը։
ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովին մասնակցելուց հետո հայկական պատվիրակությունն այցելել է «Հայ» կենտրոն, որտեղ կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Վանկուվերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Մարտիրոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան