Թևան Պողոսյանն ուսանողներին կոչ է անում ճիշտ պատրաստվել ԱԺ լսումներին
Տարկետման իրավունքը վերացնելու դեմ պայքարող ուսանողները նոյեմբերի 22-ի հանդիպմանը պետք է պատրաստված գնան: Նոյեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը նշեց, որ ուսանողները պիտի ունենան անվիճելի փաստարկներ, քանի որ նրանց ներկայացվելու են փաստարկված պատասխաններ:
«Պետք է հասկանալ, որ իշխանությունը միշտ ավելի շատ ռեսուրս ունի: Մենք ունենք ասիմետրիկ բանակցային գործընթաց, և այդտեղ ամենաթույլ խնդիրներից է՝ քանի՞ հոգի է փողոցում եղել, դասախոսների քանի ստորագրություն է հավաքվել: Այստեղ պետք է հասկանան՝ ինչպես պետք է պատրաստվել»,- ասաց նա:
Պողոսյանը դրական մի բան առանձնացրեց՝ ուսանողների բողոքը լսել են, առաջարկել մասնակցել համատեղ քննարկմանը: Նոր փորձ է ձևավորվում, իսկ թե ինչ կերպ կգզարգանա այս փորձը, այստեղ արդեն ուսանողները մեծ դեր ունեն՝ ճիշտ պատրաստվելով, հասկանալով՝ դիմացինն ով է, հասկանալով, որ նա ավելի մեծ ռեսուրսների է տիրապետում: Պողոսյանի խոսքով՝ ուրախալի է այն, որ տղաներն իրենց աջակցելու կոչով դիմել են պատրաստակամ մարդկանց: Նա կարևորեց բովանդակային քննարկումը:
«Եթե տեքստն են քննարկելու՝ կետ, ստորակետ, պետք է դրանից խոսեն, ընդհանուր փիլիսոփայության դեմ մյուս կողմը միշտ էլ փաստարկներ ունի: Գնալու են անհատական վիրավորանքների դաշտ, ու որևէ հարց չի լուծվելու: Մենք հաճախ ոչ թե քննարկել ենք ինստիտուտների խնդիրների լուծումները, այլ տեղափոխվել ենք անձերի դաշտ ու դուրս չենք գալիս այնտեղից»,- ասաց նա:
Տարկետման իրավունքի վերացումն, ըստ Պողոսյանի, ճիշտ քայլ է. պատգամավորական գործունեության տարիներին նա նույնպես ունեցել է նման նախաձեռնություն, որտեղ ընդհանրապես բացառություններ չէին նախատեսվում: Բանախոսի համոզմամբ՝ դա կարևոր է մեզ նման երկրում, որտեղ անվտանգության խնդիրներ կան: Պողոսյանն ընդգծեց՝ թեպետ 1994 թ.-ից կա տարկետում, սակայն չի կարելի ասել, որ այն նպաստել է գիտության զարգացմանը կամ արդարությանը:
Բանախոսը նոյեմբերի 22-ին խորքային քննարկում է ակնկալում, հուսով է՝ ճիշտ կպատրաստվեն նրանք: «Ես ուրախ եմ այդ օրը նրանց ցուցաբերած վարքագծի համար: Արված քայլը պետք է մարսել, ցեմենտել, դրա վրա պետք է հաջորդը կառուցել: Դրել եք այդ փոքր աղյուսը, այն ամրապնդեք, որ երկրորդը դնեք., ապա երրորդը, չորրորդը, որ պատը կայանա: Միանգամից բերել, պատ դնել չի ստացվի, այն շատ վատն է լինելու»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան