Հիմնախնդրի կարգավորման գործընթացում հեծանիվ հնարելը դժվար է. Նալբանդյանը՝ Լավրովի հնարավոր նոր առաջարկների մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջիկա տարածաշրջանային այցը պաշտոնական է լինելու։ Բրազիլիայի արտգործնախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսօր այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Լավրովը այստեղ է լինելու ամսի 20-21-ին։ Այցելությունն առաջին հերթին նվիրված է լինելու դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Այցելության շրջանակներում մի շարք այլ միջոցառումներ ևս նախատեսված են։ Սերգեյ Լավրովը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահի հետ, բանակցություններ կկայանան ԱԳՆ-ում, հնարավորություն կունենանք նաև մամուլի ասուլիս կազմակերպել, որի ժամանակ թե ինձ, թե Լավորվին հնարավոր կլինի հարցեր ուղղել»,- տեղեկացրեց արտգործնախարարը։
Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկիր է և բավական կարևոր դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ջանքերում։
«Ռուսաստանի հետ մենք ունենք դաշնակցային-ռազմավարական հարաբերություններ։ Նոր այցելությունը հնարավորություն կտա քննարկելու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հարցերի շրջանակը շատ լայն է, մենք ունենք դաշնակցային հարաբերություններ, և դրանով արդեն շատ բան է ասված։ Դրանք խորը և բազմաբովանդակ հարաբերություններ են, և մենք ջանք չենք խնայում, որ այդ հարաբերություններն առավել ամրապնդվեն և զարգանան»,- նշեց նա։
Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է, որ Լավրովը Հայաստան գալիս է արցախյան հիմնախնդրի կարգավորման նոր առաջարկներով, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց.
«Հիմնախնդրի կարգավորման գործընթացում հեծանիվ հնարելը դժվար է։ Այս բոլոր տարիների ընթացքում բազմաթիվ աշխատանքային փաստաթղթեր ենք քննարկել, բայց իրականության մեջ բանակցությունների հենքը նույնն է մնում։ Եթե Ադրբեջանը մի փոքր աչալուրջ լինի այն կոչերին և մոտեցումներին, որ եռանախագահող երկրները ներկայացնում են որպես կարգավորում, ապա այս գործընթացն առաջ տանելու և արդյունքներ ունենալու առավել հնարավորություններ կբացվեն»,- ամփոփեց ՀՀ արտգործնախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովան մանրամասնել է, ինչ են քննարկելու Լավրովն ու Նալբանդյանը Երևանում
- Լավրովն այցելելու է Բաքու և Երևան. օրակարգում ղարաբաղյան հարցն է. «168 Ժամ»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին