Մինչև տարեվերջ շուկա կմտնեն հայկական արտադրության 4000 պլանշետներ և հեռախոսներ
Մինչև տարեվերջ շուկայում կլինեն հայկական արտադրության շուրջ 4000 պլանշետներ և հեռախոսներ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին «Արմթաբ» պլանշետների, «Արմֆոն» հեռախոսների արտադրությամբ զբաղվող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունից:
Նշենք, որ վիճակագրության համաձայն՝ Հայաստանում վերջին ամիսներին նվազել է հայկական արտադրության պլանշետների և հեռախոսների արտադրության ծավալը:
Մասնավորապես, ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունվար-սեպտեմբերի ընթացքում Հայաստանում արտադրվել է 330 հատ բջջային հեռախոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 68.4%-ով: 2016 թ-ի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 1 045 հատ բջջային հեռախոս:
2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին էլ արտադրվել է 55 պլանշետ, ինչը 2016 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 96.5%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 1 585 հատ պլանշետ:
Panorama.am-ի՝ արտադրության ծավալների նվազման պատճառների մասին հարցին ի պատասխան, ընկերությունից հայտնեցին, որ իրականում ծավալները չեն նվազել, պարզապես գոյություն ունեն արտադրական փուլեր՝ սկիզբ և ավարտ:
«Հիմա մենք ցիկլի ավարտին ենք: Յուրաքանչյուր վեց ամիս նոր տեխնոլոգիաներ են ի հայտ գալիս, դրանք մինչև դառնում են արտադրություն, 1-1,5 տարի է պահանջվում», - նշեցին ընկերությունից:
Ըստ «Թի-Էս-Դի»-ի՝ 2016թ-ին, ընդհանուր առմամբ, արտադրվել և վաճառվել է շուրջ 4000 սարքավորում (հեռախոս և պլանշետ), իսկ 2017թ-ին արտադրվել և վաճառվել է մոտ 1500 սարքավորում, մինչև տարեվերջ շուկա դուրս կգան ևս շուրջ 4000 սարքավորումներ:
Հարցին, թե արդյոք կան որակական խնդիրներ, սպառողներից բողոքներ ստացել են, թե՞ ոչ, ընկերությունից նշեցին, որ բողոքներ, որպես այդպիսին, չեն ստացել. «Ավելի հաճախ մեզ դիմում են հարցադրումով, թե երբ ենք նոր մոդելներ ունենալու: Ամանորի նախաշեմին շուկայում կհայտնվեն նոր մոդելներ»:
Ինչ վերաբերում է «Թի-Էս-Դի»-ի և պետության համագործակցությանը, ապա, ըստ ընկերության, արդեն երրորդ տարին համատեղ իրականացվում է «Մեկ երեխա, մեկ համակարգիչ» փուլային ծրագիրը, ըստ որի՝ բոլոր առաջին դասարանցիներին պետք է անհատույց տրվի «Արմթաբ» հայկական արտադրության պլանշետ: Այս փուլն ընդգրկում է 2015թ. սեպտեմբերից մինչև 2019թ. և փորձնականորեն սկսել է կիրառվել Վայոց Ձորի մարզում:
«Նոյեմբերի վերջին ծրագրի շրջանակներում կարտահանվի ևս 500 պլանշետ: Սպասվում է նոր համագործակցություն, սակայն բոլոր փակագծերը այս պահին բացել չենք կարող»,- հայտնեցին «Թի-Էս-Դի»-ից:
Նշենք, որ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը ազատ տնտեսական գոտում է: Վերոնշյալ թվերը վերաբերում են արտադրմանն ու վաճառքին թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս:
Հիշեցնենք, որ հայկական հեռախոսների՝ «Արմֆոն»-ի (Armphone) վաճառքը սկսվել է նախորդ տարվա հունիսից: Մինչ այդ հեռախոսներ Հայաստանում չէին արտադրվում: