Սումգայիթը ուսումնասիրվելու մեծ անհրաժեշտություն դեռ ունի. Մարինա Գրիգորյան
«Ադրբեջանի անպատժելիությունը ծնում է հանցագործությունների շարունակույթունը»,- այսօր «Սումգայիթ-30. Մարդկության դեմ չպատժված հանցագործություն» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ կոչ անելով բոլոր մասնագետներին ավելի հմուտ և ուշադիր լինել այս հարցում։
«Չի լինում այնպես, որ պատիժ չլինին, և ինչ-որ մեկը հանկարծակի հրաժարվի այդպիսի քաղաքականությունից։ Ես համոզված եմ, որ և միջազգային հարաբերությունների, իրավունքի մասնագետները, և քաղաքագետները պարտավոր են գոնե տարիներ անց, օգտագործելով թե արդեն կուտակված նյութերը, թե չուսումնասիրվածները, պատասխանատվության հրավիրեն Ադրբեջանին և պատժելիության սկզբունքն իրկանացնեն».- ասաց Ալավերդյանը։
Հանդիպմանը ներկա «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը հիշեցրեց, որ իրենց նախագիծն իրականացվում է 2010 թվականի նոյեմբերից և այս ընթացքում Սումգայիթը եղել է իրենց հիմնական ուղղություններից ու թեմաներից մեկը։
«Մի քանի գիրք է լույս տեսել, ֆիլմ ենք նկարահանել, կայք է ստեղծվել, և որ ամենակարևրոն է՝ ստեղծվել է Սումգայիթի հանցագործությանը վերաբերող շատ մեծ արխիվ։ Կարողացել ենք փրկել ոչնչացման եզրին գտնվող տեսանյութերը, դրանք թվայնացվել են։ Նոր նյութեր ենք հայթայթել դատական լսումների, քննչական հետազոտություների նյութեր, գտել ենք նոր նկարներ, որոնք ապացուցում են մեկ անհերքելի փաստ, որը Սումգայիթը Ադրբեջանի ղեկավարության և հատուկ ծառայությունների կողմից ձեռնարկած, մշակված և մեկ կենտրոնից իրականացվող և համակարգվող հանցագործություն է եղել հայերի դեմ»,- մանրամասնեց նախագծի ղեկավարը։
Մարինա Գրիգորյանը շեշտեց, որ Սումգայիթը ուսումնասիրվելու մեծ անհրաժեշտություն դեռ ունի։
Նրա խոսքով՝ իրենց հավաքած արխիվն ու դատական նյութերը շատ լուրջ ուսումնասիրություն են պահանջում։
«Երկու նախագիծ կան, որ նախատեսել ենք 30-ամյակին իրականացնել։ Առաջինը՝ հավաքածու է, որում կներկայացնենք Սումգայիթը ադրբեջանցիների աչքերով։ Կներկայացվեն վկաները, ովքեր խոսում են վայրագություններից, հիմնականում ադրբեջանցիներ են: Բացի այդ, ըստ նրա` ֆիլմ ենք նկարում, որտեղ խոսում են Սումգայիթի երեխաները, որոնք տեսել են հարազատների և ոչ միայն նրանց տանջանքներն ու կտտանքները»,- հայտնեց նա։
Հանդիպմանը մասնակցում էր նաև ամերիկահայ գրող ու հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան Տերկոտիը Բաքվի փախստական է, ով գրել է 1988-1992 թվականներին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ցեղասպանության մասին պատմող «Գաղթ դեպի անհայտություն» գիրքը: Աննան 11 տարեկան է եղել, երբ տեղի է ունեցել ողբերգությունը:
«Եթե մոռանանք, կկրկնվի, պետք է շատ խոսել այդ մասին և պատասխանտվություն պահանջել»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան