ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից. Աղվան Վարդանյան
Շաբաթվա կարևորագույն իրադարձությունն Ազգային ժողովում քննարկված 2018 թվականի բյուջեն էր: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նա նշեց, թե ինչու է ՀՅԴ-ն կողմ 2018թ-ի բյուջեի նախագծին: «Կոռուպցիայի դեմ պայքարի նկատելի արդյունքներ, ստվերի կրճատման միտում, հարկային, մաքսային ոլորտների էական բարելավում, ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքներում, Հայաստանի գրավչության ամրապնդում և այլն: Այսպիսի իրողություններ է տեսել ՀՅԴ-ն 2018 թվականի բյուջեի նախագծում»,- ընդգծեց պատգամավորը:
Դիտարկմանը, թե ընդդիմադիրները հայտարարում են, որ կառավարությունը ձախողել է, այդ դեպքում ի՞նչ խղճով է ՀՅԴ-ն պատրաստվում կողմ քվեարկել 2018 թվականի բյուջեի նախագծին, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից: Թվարկեցի այն իրողությունները, որոնք այսօր նկատելի են և կան առաջին արդյունքները: Մյուսներին կարող եք խղճի մասին հարցնել, թե ինչպե՞ս էին՝ եթե ոչ փառաբանում, ապա կողմ քվեարկում որոշ կառավարությունների բյուջեին և ինչ դրական ցուցանիշներ կային: Ազգային ժողովում կա ընդդիմություն, որը երբեմն պետք է լինի մոլի, իրենց գործն է քննադատելը, չտեսնելու տալ ռեալ փաստերը: 2016 թվականին ունեցել ենք 0,2 տոկոս տնտեսական աճ, խնդրում եմ նայեք, թե այդ ժամանակ ինչպես են կողմ քվեարկել»:
Աղվան Վարդանյանը նշեց, որ այս տարվա համար նախատեսված է 3,2 տնտեսական աճ, իսկ հաջորդ տարի՝ 4,5 տոկոս: Ըստ նրա՝ թեկուզ փոքր չափով, բայց կայունանալու է արտաքին պարտքը, որը գլխավոր խնդիրներից է այս պահին:
Անդրադառնալով ընդդիմադիրների կողմից բյուջեի նախագծի վերաբերյալ հնչած քննադատություններին, մասնավորապես, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների այն քննադատություններին, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը ձախողվել է, Աղվան Վարդանյանն ասաց. «Ես հակառակ տեսակետին եմ: Դա իրենց իրավունքն է, իրենց գնահատականներն են: Մենք բավարարված ենք մեր կառավարության գործունեությամբ, իհարկե, արմատական շատ փոփոխություններ են անհրաժեշտ, բայց որ ճանապարհը, ուղղությունը ճիշտ է ընտրված և կա կամք առաջ գնալու, ապա դա ակնհայտ է: Մնացածը տեսողության խնդիրներն են»:
Խոսելով Մոնումենտում «Ծառուկյան» խմբակցության մատնանշած շքեղ դղյակների մասին, պատգամավորն նշեց. «Հայաստանում տասնյակ հազարավոր դղյակներ կան, և դա միայն Մոնումենտին չի վերաբերում, շատ ավելի մեծ դղյակներ կան այլ վայրերում: Դա ԲՀԿ-ի տեսակետն է, իրենց մոտեցումներն են, եթե նրանք ուզում են դրանով զբաղվել, թող շարունակեն զբաղվել, բայց զբաղվեն ընդհանուր պատկերով»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան