Ռուսաստանն անընդհատ փորձում է ցույց տալ իր՝ պատերազմում հաղթած սերնդին արժանի լինելը. Հայկ Բալանյան
Բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն Ռուսաստանի հետ, ներկայում հայտարարվում են նացիզմի գործի ժառանգորդը և շարունակողը՝ այդ մարդկանց, երկրների և ուժերի համար բոլոր հետևանքներով: Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հայկ Բալանյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում նոյեմբերի 18-ին ընդունված բանաձևը՝ «նացիզմի դեմ» պայքարի մասին:
Ընդամենը օրեր առաջ ռուս պատգամավորներից, իրավաբաններից ու փորձագետներից բաղկացած խումբը հայտարարել էր այս հարցով աշխատանքային խումբ ձևավորելու մասին: Խմբի հայտարարությունների թիրախում էր նաև Հայաստանն՝ իբրև «ազգայնականներին հերոսացնող» երկիր:
Ըստ քաղաքագետի՝ ռուսների համար Երկրորդ համաշխարհայինում հաղթանակը և հականացիստական հռետորաբանությունը շատ կարևոր գործիքներ են՝ ինչպես երկրի ներսում՝ բնակչությանը համախմբելու համար, այնպես էլ դրսում՝ ռեպրեզենտատիվ երևալու համար:
«Պատերազմը ավարտվել է 1945թ.-ին, բայց ռուսական իշխանությունը նման քայլերով փորձում է ցույց տալ այդ մեծ հաղթանակը կերտած սերնդի հետ իր հաղորդակից և ժառանգորդ, արժանի զավակը և գործի շարունակողը լինելը: Ըստ այս քարոզչության ղեկավարների՝ հանրային կարծիքի այս մանիպուլյացիան թույլ է հականացիստական ալիքի վրա ձեռք բերել հանրային համակրանքը նաև երկրից դուրս»,- ասաց նա:
Բալանյանի խոսքով՝ 19-րդ դարում Ռուսական կայսրությունը ներկայանում էր որպես քրիստոնյաների և սլավոնների պաշտպան՝ ընդդեմ Օսմանյան կայսրության: Այժմ նացիստական Գերմանիան չկա, բայց ներկայանալով որպես հականացիստական պայքարի առաջամարտիկ՝ Մոսկվան փորձում է այս հռետորաբանությամբ նաև պահպանել հաղթանակած ԽՍՀՄ-ի հետ պատերազմաքաղաքական, դիվանագիտական, պատմական նվաճումները՝ արդարացնելով և վերահաստատելով դրանք, փորձելով լեգիտիմացնել այդ քայլերը հանրային դաշտում՝ որպես նացիզմի դեմ պայքար և որպես Սառը պատերազմում կործանված Յալթյան-Պոտսդամյան համակարգի վերադարձ:
«Իհարկե, նացիզմը ահավոր և մերժելի բան է, բայց մենք տվյալ դեպքում գործ ունենք արդի քաղաքական նպատակների իրականացման գործիքի հետ: Ռուսական զինվորական կառույցները և հատուկ ծառայությունները երբեք «չեն կասկածվել» հայերի նկատմամբ համակրանքի մեջ, և այս տեղեկատվական «վրաերթը» պիտի որ անսպասելի չլինի մեզ համար: Իհարկե առիթը սպասվող Ասոցացման համաձայնագրի ստորագրումն է, և հեղինակը չի էլ թաքցնում այդ հանգամանքը: Մեկնաբանելու բան չկա: Այդպիսին են, և չեն փոխվելու, քանի դեռ մենք չենք փոխվել մեր ներսից և սկզբունքորեն»,- նշեց նա:
Բալանյանը դժվարացավ ասել՝ որքանով է այդ մեսիջը լուրջ, ինչպես է իրեն պահելու պաշտոնական Մոսկվան, և ինչպես է արձագանքելու Երևանը: Նրա խոսքով՝ եթե Մոսկվան իսկապես ուզենա հերթական անգամ կանգնեցնել այդ բազմաչարչար Համաձայնագիրը, որպեսզի ցույց տա, որ Հայաստանի և ոչ միայն Հայաստանի հարցերով պետք է խոսել Մոսկվայի հետ, ոչ թե Երևանի հետ, ապա կկանգնեցնի, քանի որ լուրջ ընդդիմության չի հանդիպի:
«Եթե Մոսկվան պարզապես ուզում է առևտուր անել Եվրամիության հետ, ապա կարող է աչք փակել այս Համաձայնագրի ստորագրման վրա, քանի որ այն այնքան է զրկված պրակտիկ բովանդակությունից, որ Մոսկվայի և ԵԱՏՄ-ի համար իրական վտանգ չի ներկայացնում: Սակայն այդ ամենը հիմնականում որոշվելու է Մոսկվայի ներկլանային պայքարի արդյունքով, որը մենք կզգանք տեղեկատվական դաշտից: Եթե նման «վրաերթերը» շարունակվեն և շատանան, ապա, կարծում եմ, հասկանալի կլինի, թե ինչն է թույլատրելի, ինչը՝ոչ: Սակայն նաև չեմ բացառի, որ այս «բլթոցը» շռայլորեն վճարել է Բաքուն, որը ռուս զինվորական շրջանակների հետ սերտ հարաբերություններ ունի ռազմական գործարքների, ատկատների ու փայերի միջոցով, և նպատակ ունի ռազմական տեխնիկայի նոր մատակարարումները Բաքվին լեգիտիմացնելու»,- ասաց նա:
Քաղաքագետն ընդգծեց՝ իրականում, ամեն մի տեղեկատվական ներհոսք պիտի որ մեզ այդքան չզբաղեցներ, եթե մենք ներսից ամուր լինեինք, իսկ ներկա պայմաններում ամեն մի «կիսագրագետ լրագրողի բլթոց» մեզանում իրարանցում է առաջացնում: Բալանյանը նշեց, որ պետք է սովորել նույնիսկ ներկա բարդ պայմաններում արձագանքել՝ ելնելով Հայաստանի շահերից:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեում նացիզմի հերոսացման դեմ պայքարի բանաձև է ընդունվել՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ: Փաստաթղթում ընդգծվում է, որ բոլոր պետությունները պիտի արգելեն «նացիստական ռեժիմի» ցանկացած մեծարում: Փաստաթղթին դեմ են քվեարկել միայն ԱՄՆ-ն և Ուկրաինան: Ամերիկյան պատվիրակությունը փորձել է դրանում 20 ուղղումներ մտցնել, սակայն նրա առաջարկները չեն ընդունվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան