ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է ազնիվ մտադրություններով վերադառնան բանակցությունների սեղանին
Երկարատև հակամարտության կարգավորման միակ միջոցն այն է, որ կողմերը պետք է ազնիվ մտադրություններով վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հետ զրույցում՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, նշել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն:
Հարցին, թե ինչպես է գնահատում ԼՂ հակամարտության վիճակը և ինչպիսի՞ քայլեր է անհրաժեշտ իրավիճակը բարելավելու համար, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է. «ԵԱՀԿ-ն երկխոսության հարթակ է տրամադրում և կողմերին աջակցում է երկարատև խաղաղություն հաստատելու հարցում։ Իսկ դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք և կողմերի պարտավորություններ։ Միայն հակամարտության կողմերը կարող են խաղաղ կարգավորման հասնել։ ԵԱՀԿ-ն չի կարող հակամարտության կարգավորում պարտադրել»։
Վերջինս նշել է, որ ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Վիեննայում Մինսկի խմբի հովանավորությամբ, և որը տարվա ընթացքում դարձավ առաջին նման մակարդակի հանդիպում։
«Ողջունում եմ այն փաստը, որ նախագահները համաձայնվել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ինտենսիվ դարձնելու և շփման գծում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։
Կարևոր է, որ կողմերը հավատարիմ մնան 1994թ-ին կնքած հրադադարի ռեժիմին։ Մինսկի խումբը, երեք համանախագահների գլխավորությամբ, կողմերի համար միակ ճանաչված ձևաչափն է։ Այն ունի ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների լիարժեք վստահությունը»։
Գրեմինգերը նշել է, որ Մինսկի խումբը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը լարվածությունը նվազեցնելու և բանակցային գործընթացն առաջ մղելու հարցում մշտական կապի մեջ են կողմերի հետ։
«ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի Անջեյ Կասպրշիկի կողմից անցկացվող դիտորդական զորավարժությունները ռազմական ոլորտում վստահության հաստատման համար շարունակում են մնալ միակ կայուն միջոցը»,- հավելել է վերջինս։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին