Խորհրդարանն այսօր պաշտոնական խոսափողը տրամադրել է երեխաներին
Այսօր աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Այս օրը ՀՀ Ազգային ժողովը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին տրամադրելու համաշխարհային նախաձեռնությանը:
Նիստում բացման խոսքով հանդես եկավ խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը՝ շնորհավորելով օրվա առթիվ։
«Սա երեխաներին վերաբերող երկրորդ տոնն է պաշտոնական օրացույցում, սակայն բոլորիս էլ պարզ է, որ այն ինչ վերաբերում է երեխաներին, մշտապես դուրս է պաշտոնականության սահմաններից և ձևաչափերից։ 25 տարի առաջ ՀՀ-նն նույնպես վավերացրեց երեխաների իրավունքների մասին կոնվենցիան։ Այսօր ՀՀ ԱԺ-ն միանում է ՅՈւՆԻՍԵՖ-ի նախաձեռնությանը՝ պաշտոնական խոսափողը տրամադրելով երեխաներին։ Երեխաների իրավունքներն ու դրանք պաշտպանելու պարտավորությունը մենք ամրագրել ենք նաև համապատասխան օրենսդրական հիմքով։ Սակայն մեր վերաբերմունքն ու ըմբռնումները արձանագրել ենք ամենից առաջ մեր ազգային արժեհամակարգում։ Չափազանցած չեմ լինի, որ մեզանում իսկապես յուրահատուկ սրտացավություն կա ընտանիքի, երեխային նրա ապագայի ու ճակատագրի հանդեպ։ Այլ բան է, որ մեր ընկալումներում ու ամենօրյա գործունեության մեջ դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի երեխաների համար ապահովենք ավելի բարեկեցիկ մանկություն»,- նշեց Բաբլոյանը։
Նրա խոսքով՝ հաճախ երեխաների իրավունքների պաշտպանություն ասվածը փորձում են տեղավորել մեծերի պատկերացումների շրջանակներում՝ առանց հաշվի առնելու, թե ինչպես է երեխան ինքը պատկերացնում այդ ամենը։
«Այսօր ԱԺ դահլիճում գումարված հատուկ նիստում այս պատասխանատու և լսելի ամբիոնից մեր երեխաները կբարձրացնեն իրենց պատկերացումները։ Միասին պետք է խոսենք այն մասին, որ լավագույն փաստաթուղթն անգամ չի կարող ամրագրել բավարար կենսապայմաններ և ապահով մանկություն երեխաների համար, եթե բոլորս չգիտակցենք, որ երեխան իսկապես բարձրագույն արժեք է՝ այսօրվա իրավունքներով և ապագայի հույսերով»,-հավելեց ԱԺ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին