Արմեն Հակոբյանն ու Գեղամ Թորգոմյանն անմասն մնացին մեդալներից
Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում այսօր մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ առաջին օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մտան 71 կգ քաշային Արմեն Հակոբյանը եւ Գեղամ Թորգոմյանը (85 կգ):
Որակավորման փուլում Արմեն Հակոբյանը երկու րոպեից էլ պակաս ժամանակում պարտության մատնեց ամերիկացի Ջոն Մոսինգին եւ 1/8 եզրափակչում հանդիպեց թուրք Մուրադ Դագի հետ: Այս գոտեմարտում մրցավարները նախապատվությունը տվեցին Արմեն Հակոբյանի մրցակցին:
Գեղամ Թորգոմյանն առաջին գոտեմարտում տանուլ տվեց բելառուսցի Զախար Դիմչենկոյին: Այնուհետեւ թուրք եւ բելառուս ըմբիշները չհասան եզրափակիչ, եւ մեր մարզիկները զրկվեցին մեդալի համար պայքարելու հեռանկարից: