Կրոնական խմբերի անդամների պաշտպանությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններից է. Էդվարդ Նալբանդյան
ԵԱՀԿ համաժողովը խորհրդանշում է Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության բարձր մակարդակը և Հայաստանի խորը ներգրավվածությունը կազմակերպության շրջանակներում: Նոյեմբերի 21-ին Երևանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ԵԱՀԿ ավստրիական նախագահության «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի անդամների հանդեպ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը և դրանց հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» խորագրով համաժողովի մասնակիցների պատվին տրված ընդունելությանն այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա ընդգծել է, որ համաժողովի գլխավոր թեման արդիական է և մանրակրկիտ ընտրված։ Այն լայն հնարավորություն է ընձեռում արձագանքելու ժամանակակից այն մարտահրավերներին, որոնց բախվում են քրիստոնյաները և մյուս կրոնական խմբերի անդամները:
«ԵԱՀԿ-ում մենք ձևավորել ենք հանձնառությունների լայն շրջանակ՝ պայքարելու ռասիզմի, այլատյացության, խտրականության, հակասեմիտիզմի և անհանդուրժողականության դեմ, ներառյալ քրիստոնյաների, հրեաների և մահմեդականների նկատմամբ, և’ կանխարգելելու, և’ արձագանքելու ատելության քարոզչությանը: Մասնակից երկրների միջև առկա է փոխհամաձայնություն, որ այս հանձնառություններին հավատարմությունը վճռական է խաղաղության, կայունության և անվտանգության պահպանման համար»,- ասել է նա:
Նալբանդյանն ընդգծել է՝ ժամանակն է, որ ԵԱՀԿ-ն ունենա արդյունավետ մեխանիզմներ և փորձ՝ աջակցելու մասնակից-երկրներին՝ քրիստոնյաներին և այլ կրոնների ներկայացուցիչներին պաշտպանելու ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու հարցում:
Նա նշել է, որ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպություններն առանցքային նշանակություն ունեն խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարում, հույս հայտնել, որ համաժողովի նախօրեին Երևանում կայացած ԺՀՄԻԳ երկօրյա սեմինարն օգնել է շարունակել նախանշել այն ոլորտները, որոնցում քաղաքացիական հասարակությունը կարող է իր արժեքավոր ներդրումն ունենալ: Նախարարը շեշտել է, որ քրիստոնյա համայնքների և այլ կրոնական խմբերի անդամների պաշտպանությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններից է:
Միջոցառմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրը, Ռասիզմի, այլատյացության և խտրականության դեմ պայքարի, Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի նկատմամբ անհանդուրժողականության կանխարգելման հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ պրոֆեսոր Ինգիբյորգ Գաբրիելը։
Ընդունելությանը մասնակցում էին ԵԱՀԿ անդամ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը