
Կուրտովը Լավրովի մասին. Դիվանագետները միշտ խոսում են ճոռոմաբար
ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կարելի է գրանցել այն ժամանակ, երբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զինվորներ չմահանան։ «Ռուսարմինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը այս մասին հայտարարել է քաղաքագետ Աջար Կուրտովը:
Վերջինս անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախօրեին Բաքվում արված այն հայտարարությանը, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել։
«Դիվանագետները միշտ խոսում են ճոռոմաբար, դրա համար Լավրովի հայտարարությունները լսելով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի մասին խոսել չի կարելի։ Առաջընթաց կարելի է հասնել այն դեպքում, երբ այն անուղղակի կերպով կզգան Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները։ Ուստի վաղ է խոսել որևէ առաջընթացի մասին։ Առաջընթաց նշանակում է շփման գծից դիպուկահարներին հեռացնել և դադարեցնել ցանկացած տեսակի կրակոցները»,-նշել է քաղաքագետը։
Ըստ վերջինիս՝ եթե Լավրովի այցից մի քանի օր հետո սահմանին նորից փոխհրաձգություններ տեղի ունենան, ապա դա կնշանակի, որ բանակցություններն, ընդհանուր առմամբ, անհաջող էին։