Հադրութի ևս երեք գյուղում համայնքային կենտրոններ են կառուցվում
Արցախի Հադրութի շրջանի մի քանի համայնքներում շարունակվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի` համայնքային կենտրոնների շինարարությունը: ԱՀ քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ Արցախի գյուղերի զարգացմանը միտված «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող համայնքային կենտրոնների շինարարությունը հաջողությամբ շարունակվում է նաև Հադրութի շրջանում:
Ուխտաձորում աշխատանքներն ավարտման փուլում են: Ներքին հարդարման ու ներկարարական աշխատանքներին զուգահեռ` կատարվում է տարածքի բարեկարգում:
Շենքին կից կառուցվում է 150 տեղանոց հանդիսությունների դահլիճ, որտեղ ուրախ կամ տխուր առիթներից բացի կարող են կազմակերպվել նաև մշակութաժամանցային միջոցառումներ:
Նախարարության հաղորդմամբ, Հադրութի շրջանում համայնքային կենտրոններ կառուցվել են Դրախտիկ, Ակնաղբյուր և Քյուրաթաղ համայնքներում, ընթացքի մեջ է Տումու և Թաղասեռի կենտրոնների շինարարությունը: Կենտրոններն իրենցից ներկայացնում են երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություններ, որոնք իրենց մեջ ներառում են գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ, բուժկետ և նախասրահ:
Կենտրոններն ապահովվում են ջեռուցման և օդափոխության համակարգերով: Այսպիսի կենտրոնների կառուցումը ոչ միայն անդրադառնում է գյուղի մի շարք խնդիրների լուծման վրա, այլև ապահովում է այս կառույցների արդյունավետ ու համակարգված գործունեությունը
Հարակից հրապարակումներ`
- Արցախի Գառնաքար գյուղում բացվել է համայնքային կենտրոն և բուժկետ
- «Հայաստան» հիմնադրամը Քարին Տակում համայնքային կենտրոն է կառուցել