Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջան, որտեղ ներկա է գտնվել «Դիլիջան» գարեջրի գործարանի բացման արարողությանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագահը էկոնոմիկայի նախարարի, գործարանի ղեկավարության և հյուրերի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց գործարանի արտադրամասերում, ծանոթացել «Հ և Տ Հակոբյաններ» ընկերությանը պատկանող «Դիլիջան» գարեջրի գործարանում կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին ու ստեղծված աշխատատեղերին: Նախագահին ներկայացվել է, որ 10 մլն լիտր արտադրական հզորությամբ գործարանի ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 2,5 մլրդ դրամ: Գործարանը, որի կառուցումը սկսվել է 2013 թվականի ապրիլից և ավարտվել 2017 թվականի սեպտեմբերին, արտադրանք է տալիս ընթացիկ տարվա օգոստոսի 15-ից:
Պետությունը ևս աջակցություն է ցուցաբերել Տավուշի մարզում այս ներդրումային ծրագրի իրականացմանը. ՀՀ կառավարության որոշմամբ ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ներմուծվող սարքավորումների մի մասի հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 3 տարի ժամկետով:
Պատասխանատուների հավաստմամբ, ներկայումս գործարանն ունի 90 աշխատող՝ 100 հազար դրամ միջին աշխատավարձով, սեզոնային աշխատանքների ժամանակ աշխատակիցների թիվը կհասնի 120-ի:
Գործարանի արտադրանքը նախատեսվում է իրացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ նկատի առնելով, որ գարեջրի որակական և համային հատկանիշները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Նորաբաց գործարանի արտադրանքը ծրագրվում է արտահանել ՌԴ, ԱՄՆ, Վրաստան: Ընկերության զարգացման ծրագրերում նաև կարևոր տեղ է զբաղեցնում ոչ ալկոհոլային գարեջրի արտահանումը Իրանի Իսլամական Հանրապետություն:
Շրջայցի ընթացքում Նախագահ Սարգսյանին ներկայացվել են նաև «Հ և Տ Հակոբյաններ» ընկերության կազմի մեջ մտնող մյուս ձեռնարկությունների գործունեությունն ու ընկերության զարգացման հետագա ծրագրերը:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան