Ռուս տիեզերագնացը Սևանը նկարել է տիեզերքից
Ռուս տիեզերագնաց, ՌԴ հերոս Սերգեյ Ռյազանսկին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Միջազգային տիեզերակայանից արված Սևանա լճի լուսանկարը:
«Սևանա լիճը Հայաստանում (գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1900 մ բարձրության վրա), Կովկասի ամենամեծ լիճը: Սևանը շրջապատված է լեռնաշղթաներով. հյուսիսից՝ Փամբակի և Արեգունիի, արևմուտքից և հարավից՝ Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաներով»,- գրել է տիեզերագնացը:
Հայ օգտատերերը նրան նկարի համար շնորհակալություն են հայտնել։
Ավելի վաղ Սերգեյ Ռյազանսկին հրապարակել էր տիեզերքից արված Երևանի լուսանկարներ և կատարել հետևյալ գրառումը. «Երևանը նման չէ մյուս մայրաքաղաքներին, մարդիկ այստեղ չեն շտապում, քաղաքն իր չափավոր տեմպով է շարժվում։ Իսկ Երևանի խորհրդանիշերից մեկը՝ Կասկադը երկրի սահմաններից դուրս էլ լավ հայտնի է»:
Տիեզերագնացը նաև Արարատ լեռան բացառիկ լուսանկարներ է տեղադրել իր էջում և գրել. «Արարատը` Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռնազանգվածն է։ Այն բաղկացած է երկու՝ Մեծ և Փոքր (Սիս) Մասիսներից: Նրանց միջև հեռավորությունը 11 կմ է»: