Պաշտոնական ընդունելություն Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության կողմից
Հռոմում անցկացվող «Ժամանակակից անհատների հոգևոր-իրավական պահվածքի մարտահրավերները և դրանց հաղթահարման հրամայականները» թեմայով միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Իտալիա է այցելել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ գիտաժողովը կազմակերպվել է «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի և Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության իրավասության տակ գտնվող Քահանայապետական արևելյան ինստիտուտի հետ համատեղ:
Նոյեմբերի 18-ին՝ երեկոյան Հռոմի Կոլոննա պալատի «Կարդինալի դահլիճում» Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի անունից պաշտոնական ընթրիք է տրվել՝ ի պատիվ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի և միջազգային գիտաժողովի մասնակիցների: Ընթրիքին ներկա է եղել նաև Սուրբ Աթոռի օրենսդրական տեքստերի քահանայապետական խորհրդի նախագահ (Սուրբ Աթոռի արդարադատության նախարար) կարդինալ Ֆրանչեսկո Կոկոպալմերիոն, որի օրհնությամբ էլ սկսվել է երեկոն:
Երեկոյի ընթացքում «Կոմունիոնե է Լիբերացիոնե» կաթոլիկ հեղինակավոր շարժման կողմից հյուրերին ներկայացվել է Ֆրանցիսկոս Պապի հավանությանն արժանացած #StandTogether – A shared project for Christian minorities վեբ կայքի ստեղծման նախաձեռնությունը, որի նպատակն է աշխարհում սփռված քրիստոնյա փոքրամասնությունների մասին համապարփակ տեղեկություններ հաղորդել և անդրադառնալ նրանց հուզող հարցերին: Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունն այդ նախաձեռնության ջատագովներից է:
Երեկոն եզրափակվել է հայկական դուդուկի կատարումներով:
Ընթրիքին մասնակցել է նաև Սուրբ Աթոռում հավատարմագրված դեսպաններ, Սուրբ Աթոռի Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Լուսանկարները՝ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։