Լավրով. Հաջող առաջընթաց ենք արձանագրել առևտրատնտեսական հարաբերություններում
«Ամենից առաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր հայ ընկերներին հյուրընկալության և մեր աշխատանքի գերազանց կազմակերպման համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստան ժամանած Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովը նշեց, որ այս տարի առաջին անգամ չեն հանդիպում. «Մենք ընդունել ենք Էդվարդ Նալբանդյանին ու նրա պատվիրակությանը Մոսկվայում պաշտոնական այցով, և մեր այս երկու փոխադարձ այցելությունները, որոնք պաշտոնական բնույթ են կրում, նվիրված են դիվանագիտական հարաբերությունների 25 և Փոխօգնության, համագործակցության և բարեկամության պայմանագրի ստորագրման 20-ամյակին: Մենք հավաստեցինք, որ վերջին քառորդ դարերի ընթացքում մեր հարաբերությունները ձեռք են բերել իրական դաշնակցային և ռազմավարական գործընկերության բնույթ»։
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ այսօր իրենք հաջող առաջընթաց են արձանագրել առևտրատնտեսական հարաբերությունների ճանապարհին։
«Այս տարվա ութ ամիսներին ապրանքաշրջանառությունը մոտ 1/3-ով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ռուսաստանը կայուն առաջին տեղն է գրավում կապիտալ ներդրումների կտրվածքով Հայաստանի տնտեսության մեջ։ Այժմ մոտ երկու հազար համատեղ ձեռնարկություն է Հայաստանում։ Մենք նաև դիտարկեցինք, որ իրականացվում են կարևոր ներդրումային ծրագրեր, ինչպիսիք են վառելիքի էներգետիկայի ասպարեզում՝ ներառյալ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետների երկարացումը»,- ասաց Լավրովը։
Նրա խոսքով՝ կայուն զարգացման գործընթաց են արձանագրել նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում. «Համապատասխան միջկառավարական հանձնաժողով է աշխատում, ռազմական արտադրատեսակների մատակարարումներ կատարվում են, որոնք անհրաժեշտ են ՀՀ-ին։ Մենք նաև սերտ գիտակրթական և մշակութային համագործակցություն ունենք։ Մեծ նշանակություն ենք տալիս Հայ-Ռուսական համալսարանի գործունեությանը Երևանում, ինչպես բաև ռուսական համալսարանների մասնաճյուղերի գործունեությանը։ Դրական ենք համարում նաև մեր համագործակցությունը ՀԱՊԿ-ի ուղղությամբ, մենք գործնականորեն համընկնող դիրքորոշումներ ունենք բոլոր հարցերի շրջանակներում»։
Լավրովը հավելեց, որ Երևանը Ռուսաստանի անկյունաքարային գործընկերներից մեկն է ԱՊՀ-ում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան