Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր Արցախի հետ են. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին մեկնել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաք և մասնակցել Ալֆորվիլի ու Բերձորի միջև բարեկամության հռչակագրի ստորագրման հանդիսավոր միջոցառմանը:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Նախագահ Սահակյանը բարեկամության հռչակագրի ստորագրումը որակել է որպես Արցախի համար նշանակալի իրադարձություն քաղաքական, իրավական ու բարոյական տեսանկյուններից, ինչը, առաջին հերթին, բարեկամ երկրի՝ Ֆրանսիայի հետ կապերի ամրապնդման և զարգացման կարևոր հիմքերից է:
«Ֆրանսիայի և նրա վարչական շրջանների հետ փոխգործակցությունը մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է, և քույր քաղաքների ցանկի ու աշխարհագրության ընդլայնումը, նրանց հետ կապերի խորացումը այս քաղաքականության առանցքային բաղադրամասերից է»,- իր ելույթում ընդգծել է երկրի ղեկավարը:
Նախագահի խոսքով՝ Ալֆորվիլ քաղաքի հետ փոխգործակցության ընթացքում արդեն իսկ արձանագրվել են հիշատակման արժանի դրվագներ, և այս համատեքստում Բակո Սահակյանը նշել է 2016 թվականի սեպտեմբերին քաղաքապետ Լյուկ Կարվունասի գլխավորած պատվիրակության այցն Արցախ և Ապրիլյան պատերազմի օրերին Ալֆորվիլում տեղի ունեցած բազմամարդ ցույցը՝ ի սատարումն Արցախի ու ընդդեմ ադրբեջանական բռնությունների: Արցախի Հանրապետության Նախագահը նշեց, որ այս ամենը ողջ աշխարհին ցույց տվեց ագրեսիայի անընդունելի լինելը քաղաքակիրթ հանրության համար:
«Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր Արցախի հետ են, ովքեր պայքարում են հանուն ազատության և հավասարության, մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության: Դա խիզախ և ընդօրինակման արժանի պահվածք է»,- շեշտել է Նախագահ Սահակյանը:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ալֆորվիլի և Բերձորի համագործակցությունն ունի խոստումնալից հեռանկարներ աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ուժերով հաջողվելու է կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին