Հայկ Մելիքյանի վիրտուոզ նվագը՝ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում
Նոյեմբերի 20-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում դաշնամուրային երաժշտության երեկո էր։ Իր վիրտուոզ մենանվագով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, աշխարհում մեծ համբավ ունեցող դաշնակահար Հայկ Մելիքյանը։ Դաշնակահար, որ առանձնանում է վառ անհատականությամբ, ով բարձր է պահում հայ կատարողական արվեստը՝ այն լավագույնս ներկայացնելով աշխարհում։
Համերգային ծրագրում հնչեցին Ֆրեդերիկ Շոպենի վալսերից, մազուրկաներից, պոլոնեզներից և էտյուդներից, Ալեքսանդր Սկրյաբինի մանրանվագներից և Իգոր Ստրավինսկու «Պետրուշկա» սյուիտը։ Վերջին գործը, ի դեպ, Հայկ Մելիքյանը հաճախ է ներառում իր համերգային երկացանկում։ Հայկը նշում է, որ 17 տարեկանից կատարում է «Պետրուշկա» սյուիտը, որը Ստրավինսկին 1921 թվականին է փոխադրել դաշնամուրի համար՝ նվիրելով այն Արթուր Ռուբինշտեյնին։ Հայկ Մելիքյանը խոստովանում է, որ ուրախ է այդ բարդագույն ստեղծագործությունն ունենալ իր մատների մեջ։
Հայկը նկատում է, որ մենահամերգի ընթացքում երաժիշտն ինքն իր հետ է, իր մտքերի, ասելիքի հետ։ Մենահամերգն արտիստի յուրահատուկ հաշվետվությունն է իր և ունկնդրի համար։ Իսկ այդ հաշվետվությունը Հայկը հանձնեց կատարյալ. նրա նվագը ունկնդրին տեղափոխել էր հոգևոր մի աշխարհ, որտեղ երաժշտությունը տարբեր կերպ ընկալող հանդիսատեսը վայելում էր դաշնակահարի մատներից հորդող էներգիան։ Ներկաները զգում էին դաշնակահարի անկեղծ նվիրումը բարձր արվեստին, սերը դեպի երաժշտությունը։
20-րդ դարի և ժամանակակից երաժշտությունը Հայկ Մելիքյանի տարերքն է։ Սիրում է նոր ստեղծագործությունների բացահայտումներ։ Սակայն այդուհանդերձ դաշնակահարն ասում է, որ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունները միշտ իր հետ են, ուղեկցում են համերգների ընթացքում. դասականներից առավելապես սիրում է կատարել բարոկ և ռոմանտիկ դարաշրջանների կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մշտապես ներկայացնում է նաև հայ հեղինակների գործեր։
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի ընթացքում պատահական չեն ընդգրկված դաշնամուրային մենահամերգները։ Արամ Խաչատրյանի ներաշխարհում դաշնամուրային մտածողությունը բնական և ներդաշնակ էր։ Նա իր դաշնամուրային գործերի մասին խոսելիս ասում էր` երբ գրում եմ դրանք, ինքս նվագում եմ ու նաև զգում, որ իմ մատների մեջ կան դաշնակահարի հատկանիշներ, որոնց, սակայն, ժամանակին ուշադրություն չեն դարձրել, և չեմ կարողացել զարգացնել։
Հիշեցնենք, որ այս օրերին անցկացվող Խաչատրյանի միջազգային փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։