Լավրովի հայտարարությունը հստակ ուղերձ էր ադրբեջանական իշխանությանը.Շարմազանով
Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կա «մենյու», որտեղ փաթեթային տարբերակն է հիմնականում դրված, և եթե այդ տարբերակը խախտվի հօգուտ որևէ մեկի, կխախտվի նաև հավասարակաշռությունը:
«Կարծում եմ ոչ թե փաթեթային տարբերակ, այլ Սերգեյ Լավրովը նշել է սկզբունքների մասին, որոնք պետք է լինեն մեկ փաթեթի մեջ, ոչ թե առանձնացվեն մեկ կամ երկու սկզբունքը: Սա հստակ ազդակ է Ադրբեջանին, որովհետև նա է փորձում տարիներ շարունակ ձևափոխելով համանախագահների հայտարարությունները՝ այս կամ այն սկզբունքն առանձնացնել»,- նշեց ՀՀԿ խոսնակը՝ հավելելով, որ համանախագահները խոսում են տարածքային ամբողջականության, ուժի անթույլատրելիության մասին, սակայն դա Ադրբեջանի կողմից չի ընդունվում:
«Լավրովը շատ հստակ մեսիջ հղեց, որ որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման երեք սկզբունքները պետք է դիտարկել մեկ փաթեթի մեջ: Այսինքն՝ ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ինքնորոշման իրավունքի սկզբունքը անքակտելի սկզբունք է, և առանց դա հաշվի առնելու խնդրի լուծում չի կարող լինել»,- ասաց Շարմազանովը:
Ըստ նրա՝ չնայած ռուս-ամերիկյան հարաբերությունների ոչ հարթ լինելուն շատ հարցերում՝ ԼՂ հիմնահարցում այս երկրներն ունեն նույն դիրքորոշումը:
«Սա շատ կարևոր է: Եվ բոլոր այն հեքիաթները, որ մինչև հանդիպումները գրվում էր ադրբեջանական մամուլում, մենք տեսանք, որ հօդս ցնդեցին: Եվ եթե գումարենք ՀՀ արտաքին գերծերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մեսիջները, որ պետք է իրականացնել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի, Ժնևի պայմանավորվածությունները, սա ևս մեկ անգամ գալիս է վերահաստատելու, որ հայկական կողմը ոչ միայն իր դիրքորոշումը չի փոխել, այլ հստակեցրել է իր դիրքորոշումը: Որևէ սկզբունք չի կարող մյուսի նկատմամբ ունենալ առանջայնություն, ինչը փորձում են անել Ադրբեջանի ղեկավարները: Սա հստակ ուղերձ է Ադրբեջանի ղեկավարությանը»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
Նրո խոսքով՝ այս հարցում պետք է իրատես լինել ու գիտակցել, որ այս խնդիրը չի կարող շուտափույթ լուծում ունենալ, քանի դեռ Ադրբեջանը չի վերադարձել կառուցողական դաշտ:
Անդրադառնալով Սերգեյ Լավրովի մեկ այլ հայտարարությանը, թե Ադրբեջանը կարող է լինել ԵՏՄ-ում, իրենք դրան դեմ չեն, բայց ոչ մեկին չեն կարող պարտադրել, Շարմազանովն ասաց. «Երբ նման խնդիր լինի ԵԱՏՄ-ում, Հայաստանն իր տեսակետը կհայտնի»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին