Վրաստանն ի շահ Բաքվի, Մուխթարլիի հարցում խայտառակ և խնդրահարույց քայլի դիմեց. Stratfor
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի՝ Վրաստանից անհետացման այնուհետև Ադրբեջանի բանտերից մեկում ճաղերի հետևում հայտնվելու դեպքից թեև անցել է գրեթե 5 ամիս, սակայն դեպքը առեղծվածային է մինչ օրս: «Stratfor» միջազգային հեղինակավոր պարբերականն անդրադարձել է այդ խնդրին:
Նշենք, որ Վրաստանի իշխանությունները պնդում են, որ սահմանին տեղադրված տեսախցիկները Մուխթարլիի առևանգման օրը չեն աշխատել։
«Սա շատ կասկածելի է։ Տարիներ շարունակ շատ գումար է ծախսվել սահմանային անվտանգության համար և եթե տեսախցիկը չի աշխատում, միանգամից այն կարգավորվում է։ Ես ապացույց չունեմ, սակայն անհնար է, որ միանգամից մի քանի տեսախցիկներ չաշխատեն»,-նշել է Կաշառակերության և կազմակերպված հանցավորության հետաքննության կենտրոնի (OCCRP) հետաքննող լրագրող Դև Բլոսը։
Պարբերականը գրում է, որ Մուխթարլիի դեպքը միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է եղել, որոնք կոչ են արել թափանցիկ հետաքննություն իրականացնել՝ վերջինիս ձերբակալությունը համարելով մարդու իրավունքների ոտնահարման լուրջ դեպք։
Ավելին պարբերականը նշում է, որ ադրբեջանցի շատ լրագրողներ, հասկանալով, որ Վրաստանում նրանց անվտանգությունը երաշխավորված չէ, ապաստան են գտնել Եվրոպայում՝ Գերմանիայում, Նիդերլանդներում։
«Վրաստանի իշխանությունների նման պահվածքը նաև տնտեսական շահերով է պայմանավորված։ Այս տարվա 7 ամիսների ընթացքում Ադրբեջանի և Վրաստանի առևտուրը կազմել է 425 միլիոն դոլար։
Ադրբեջանը Վրաստանի արտաքին հիմնական ներդրողն է համարվել, ավելին, 2017թ առաջին եռամսյակում Թուրքիայի հետ միասին Բաքու-Թբիլիսի-Ջեհյան գազամուղի և վերջերս մեկնարկած Բաքու-Թբիլիս-Կարս երկաթուղու տարածաշրջանային կարևոր նախագծերում գործընկեր։ SOCAR-ը միայն այս տարի 368.9 միլիոն դոլարի ներդրում է կատարել Վրաստանում»,-գրել է պարբերականը։
Մուխթարլիի դեպքի առնչությամբ առաջին դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին։ Պարզ չէ, արդյոք Թբիլիսիի իշխանությունները ավարտին կհասցնե՞ն և կհրապարակե՞ն հետաքննության արդյունքները։ Սակայն շատերը, այդ թվում Թբիլիսիի պետական համալսարանի կովկասագիտության միջազգային դպրոցի տնօրեն Գիա Նոդիան հոռետես են այս հարցում։
«Իմ տպավորությունն այնպիսին է, որ կառավարությունը ոչ մի բան էլ հետաքննելու հետաքրքրություն չունի, որովհետև այն նույնպես առնչություն ունի առևանգման հետ, որը ես լրիվ հավանական եմ համարում, քանի որ այն չի ցանկանում խճճել Բաքվի հետ հարաբերությունները՝ հայտարարելով, որ Ադրբեջանի գաղտնի ծառայությունները Թբիլիսիից մարդ են առևանգել։ Սա խայտառակ և խնդրահարույց հարց է, այնպես որ նրանք պարզապես ժամանակ են շահում՝ հուսալով, որ միջադեպը, ի վերջո, մոռացվելու է»,-նշել է վերջինս։
Սակայն, ըստ Բլոսի, ԱՄՆ պետդեպարտամենտը այս դեպքի առնչությամբ հետաքրքրվածություն ունի հենց սկզբից և զարգացումներին հետևում է։
«Ես այնպիսի տպավորություն չունեմ, որ այդ դեպքը մոռացվելու է։ Այս թեման չի մոռացվի»,-նշել է Բլոսը։