ԵԽԽՎ-ն կարող է վերականգնել ՌԴ պատվիրակության լիազորությունները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կարող է վերականգնել Ռուսաստանի Դաշնության պատվիրակության լիազորությունները: Ինչպես տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից, նոյեմբերի 24-ին Կոպենհագենում, Դանիայի՝ ԵԽ նախարարների կոմիտեում նախագահության շրջանակներում, տեղի է ունենալու ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստ: Նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է ինքնորոշմանն ու անջատմանը ժողովրդավարական մոտեցումները, ինչպես նաև անդրադառնալու են 2017թ.-ի հոկտեմբերին ԵԽԽՎ ընդունած 2186 բանաձևին՝ «Կոչ՝ անցկացնել ԵԽ գագաթնաժողով՝ վերահաստատելու Եվրոպական միասնությունն ու պաշտպանելու ու խթանելու ժողովրդավարական անվտանգությունը Եվրոպայում:
Այս բանաձևում նշվում է, որ ներկայումս քաղաքական մարտահրավերները վտանգում են մայրցամաքն ու նրա միասնությանը, որոնց պատճառներից են ահաբեկչության ամենօրյա վտանգը, եվրոսկեպտիցիզմի, ազգայնականության, պոպուլիզմի, քսենոֆոբիայի աճը, սառեցված ու բաց հակամարտությունները, հարևանի տարածքի անեքսիան կամ օկուպացիան: Եվրոպայի դռներին պատերազմները վտանգում են մայրցամաքի անվտանգությունն ու հանգեցնում փախստականների զանգվածային հոսքերի:
Բանաձևում նշվում է նաև, որ ներկայումս անհամապատասխանություն գոյություն ունի ԵԽ երկու կանոնադրական մարմինների՝ ԵԽ նախարարների կոմիտե ու ԵԽԽՎ, կազմի մեջ՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայից ու այս հիմքով ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության նկատմամբ կիրառված սանկցիաների հետ կապված: Նշվում է, որ 3 տարի շարունակ ՌԴ-ն ներկայացվել ու մասնակցել է միայն ԵԽ նախարարների կոմիտեի աշխատանքներին, բայց ոչ ԵԽԽՎ-ի:
Վեհաժողովը ցավում է, որ որպես իրավիճակին արձագանք, ՌԴ-ն 2017թ.-ի հունիսի 30-ին հայտարարեց ԵԽ բյուջե իր մասնաբաժնի վճարման կասեցման մասին՝ մինչ ՌԴ պատվիրակության իրավունքների առանց նախապայմանների ու ամբողջական վերականգնում, ասվում է բանաձևի տեքստում:
ՌԴ պատվիրակության իրավունքների վերականգնման դեմ, իհարկե, պայքարում է Ուկրաինայի պատվիրակությունը, որի անդամ Վոլոդիմիր Արիևը, անդրադառնալով այս բանաձևի քննարկմանը, ֆեյսբուքում գրել է, որ Կոպենհագենում այս քննարկումը նպատակ ունի չափելու Վեհաժողովում իրավիճակը, այլ ոչ թե որոշումներ կայացնելու:
«Շատերը դեմ են առանց սահմանափակումների ռուսների վերադարձին, եթե ՌԴ-ն զգալի քայլեր չկատարի Ուկրաինայի դեմ ագրեսիայի նվազեցման ուղղությամբ: Սակայն կան նաև նրանք, որոնք շանտաժի են ենթարկվում ֆինանսավորման կասեցմամբ ու կարծում են, որ հնարավոր է սկզբունքներին դեմ գնալ ու պահպանել Եվրոպայի խորհրդի ամբողջականությունը՝ հեղինակության ոչնչացման գնով»,-գրել է Արիևը:
Ուկրաինացի պատգամավորը նաև տեղեկացրել է, որ ամեն ինչ որոշվելու է 2018թ.-ի հունվարյան նստաշրջանում, եթե ՌԴ պատվիրակությունը ներկայացնի իր անդամների գրանցման հայտերը, որը չի արվել 2016-2017թթ.-ներին:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը զրկվեց ձայնի իրավունքից 2014թ․-ին Ղրիմի՝ ՌԴ-ին միացվելու պատճառով, որը Եվրոպան համարում է անեքսիա։
Հարակից հրապարակումներ`
- Յագլանդ․ ՌԴ կողմից գումարի չվճարման դեպքում ԵԽ աշխատակազմը կկրճատվի 10 տոկոսով
- ԵԽ-ն աննախադեպ վիճակում է՝ ՌԴ կողմից 11 մլն եվրոյի չվճարման պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան