«Լեոնիդն այսօր էլ խրամատներում է, նրա ճակատամարտը դեռ չի ավարտվել»
Արցախյան ազատամարտի հերոս, «Ազատագրական բանակի» հիմնադիր Լեոնիդ Ազգալդյանն այսօր կդառնար 75 տարեկան: Արցախյան շարժման սկզբնավորման օրից որպես ռազմական առաջատար գործիչ ազգային-ազատագրական պայքարին մասնակցած հերոսն ընկավ 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ, նա զոհվեց թշնամու դավադիր կրակոցներից:
Հերոսի ծննդյան օրը Panorama.am-ը զրուցեց նրա զինակից ընկերոջ, «Ազատագրական բանակի» անդամ Գագիկ Գինոսյանի հետ: Վերջինս նշեց, որ Ազգալդյանը Արցախյան ազատամարտի առաջին և լուրջ գաղափարախոսն է:
«Լեոնիդ Ազգալդյանն այն եզակի կերպարն էր, որ ցույցերի հենց սկզբից՝ առաջին մի քանի օրերին ցույցներին մասնակցելուց հետո հեռացել է հրապարակից, մարգարեաբար կանխատեսել, որ այդ պայքարը մեծ պայքարի է վերաճելու, և պետք է պատրաստվել պատերազմի: Մենք հիմա խոսում ենք ինչի մասին ասես, ում մասին ասես՝ բանակ ստեղծելու առաքելությունը վերագրելով, բայց իրականում առաջին ժամանակակից զենքերը ստեղծողն էլի եղել են Լեոնիդ Ազգալդյանը և իր ընկերները՝ Ալեքսանդր Թամանյան կրտսերը, Կարեն Գրիգորյանը, նրանց մյուս գաղափարական և զինակից ընկերները»,- ասաց նա:
Գինոսյանի խոսքով՝ իրենց ձեռքը զենք վերցրածների առաջին ռազմական միավորը, որ բանակ է կոչվել, ոչ թե ջոկատ, նույն Լեոնիդ Ազգալդյանն է ստեղծել, ով անընդհատ ասում էր՝ բոլոր հաղթանակները կհավասարվեն զրոյի, քանի դեռ դրանց հետևում կանոնավոր բանակ կանգնած չէ: Ազգալդյանի զինակից ընկերը հիշեց՝ նրա շուրջ հավաքվում էին ազգի նվիրյալ տղաներ, և բոլորը պատրաստ էին հանուն Հայաստանի անկախության և հանուն Արցախի ազատագրման կատարելու անկատարելին, այսինքն՝ միշտ պատրաստ էին ամենամեծ զոհողություններին:
«Պետք է նաև նշենք, որ նա, ով գալիս էր Ազգալդյանի ջոկատ և ասում, որ պատրաստ է զոհվելու, Ազգալդյանը մերժում էր, ասում, որ իրեն պետք չեն զոհվողներ, իրեն պետք են հանուն հայրենիքի ապրողներ, մարտնչողներ և անկախությունը արարող տղաներ: Նա մեծագույն գաղափարախոս էր, մեծագույն ռազմավար, մարդ, որն իր հիմնադրած ազատագրական բանակով 26 հայկական բնակավայր է ազատագրել, մարդ, որը հիմք է դրել նաև ինքնապաշտպանական շերտերին, մարդ, որը կանխատեսել էր Քարվաճառի ազատագրումը»,- ասաց նա:
Ու թեպետ Ազգալդյանի կանխատեսումն իրականացավ նրա նահատակվելուց գրեթե մեկ տարի հետո, սակայն դրանում ամենագործուն մասնակցությունն ունեցան հենց իր ազատագրական բանակի տղաները, իր զինվորները: Գինոսյանը ցավով նշեց՝ այսօր թեպետ բոլորը լավ գիտեն Ազգալդյանի հզորությունը, սակայն կարծես միտում կա ինչ-որ ձևով նրա դերը նսեմացնելու կամ նրա կերպարը բացահայտ չցուցադրելու, Ազգալդյանի պատվին ոչ փողոց է անվանակոչվել, ոչ դպրոց, կիսանդրին էլ, որ դրվել է իր տան մոտ, դրվել է ջոկատի տղաների, ընկերների ջանքերով, սակայն պատմությունը լույս կսփռի պատճառների վրա:
Հերոսի կերպարն անմոռաց պահելն, ըստ Գինոսյանի, պետք է ոչ թե իրեն կամ զինակիցներին, այլ նոր սերնդին, և 2016-ը մեկ անգամ ևս ապացուցեց՝ չավարտված պատերազմի պայմաններում ծնվում են հերոսներ, որոնք վճռական են՝ ազատագրելու հայոց հայրենիքը, մարդիկ, ովքեր վճռականորեն կանգնում էին հայոց լեռների վրա և ասում՝ ինչ ուզում է ասեն կենտրոնական և ոչ կենտրոնական միջոցները, ազգային և միջազգային ատյանները, «սա Հայաստանն է և վերջ»:
«Լեոնիդ Ազգալդյանը տեր էր կանգնում իր խոսքերին, ազատագրական իր ջոկատի գործունեությունն ամբողջովին իրականացվում էր: Պետք է ասել՝ Մարտակերտի շրջանն ամբողջովին պաշտպանված էր, նրա հյուսիսային հատվածները Լեոնիդի պաշտպանության ներքո էին: Լեոնիդի՝ անհասկանալի պայմաններում զոհվելուց շատ չանցած՝ Մարտակերտը ընկավ, և սկսվեցին լայնամասշտաբ գործողություններ, և Մարտակերտի մեծ մասը՝ գրեթե Արցախի կեսը, մի պահ բռնազավթվեց, որը հետո շատ երկար փորձում էինք վերաազատագրել, և դա կարողացանք անել մեկ տարի անց»,- ասաց նա:
Գինոսյանը վստահ է՝ Լեոնիդ Ազգալդյանի դերը նսեմացնելն անհնար է, միևնույն է՝ պատմությունն ամեն ինչ բացահայտելու է: 2016-ին հանուն հայրենիքի պայքարող տղաները Ազգալդյանի նման կերպարներով կրթված սերունդն էին, թեպետ այդ կերպարների մասին ֆիլմեր չեն նկարվում, միևնույն է՝ այդ կերպարն ինչ-որ տեղից հառնում է: Ազգալդյանն, ըստ զինակից ընկերոջ, մարդ է, ում՝ ավելի քան ազնվական կերպարը պահպանված է, ում խոսքը ոգեղեն է և գաղափարական, և այդ կերպարը, միևնույն է, ծնում է նման երիտասարդություն:
«Լեոնիդն այսօր էլ շարքերում է, այսօր էլ խրամատներում է, առաջնագծում, նրա ճակատամարտը դեռ չի ավարտվել»,- ասաց Գինոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան